Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանի» ասուլիսը, այդուհանդերձ, կայացավ


«Հիմնադիր խորհրդարանի» ասուլիսը, այդուհանդերձ, կայացավ
please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00

«Հիմնադիր խորհրդարանի» ասուլիսը Հանրապետության հրապարակում կազմակերպիչների նախատեսած սցենարով չընթացավ:

Դեռ մինչև ասուլիսը ոստիկանները բերման ենթարկեցին շարժման երկու անդամների, որոնք փորձում էին հրապարակում կայանել հունվարի 31-ին Բերձորում վնասված ավտոմեքենաները: Ոստիկանների պահանջին չենթարկվելու համար Կենտրոնի բաժին տարվեցին Գևորգ Սաֆարյանը և Հայկ Գրիգորյանը, երեք ավտոմեքենա տեղափոխվեց տուգանային հրապարակ:

Ըստ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների, ոստիկանությունը թույլ չէր տալիս Հանրապետության հրապարակում կայանել ավտոմեքենաները՝ պատճառաբանելով, թե այդտեղ այլ միջոցառում է նախատեսված:

«Հիմնադիր խորհրդարանի» տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ոստիկանները բերման ենթարկելիս մեքենայում ծեծի են ենթարկել Գևորգ Սաֆարյանին:

Ազատ արձակվելուց հետո, սակայն, Սաֆարյանը հերքեց դա․ - «Չէ, ծեծ չի եղել իմ նկատմամբ: Իհարկե, ոստիկանը իրեն շատ ոչ-կոռեկտ պահեց, բռունցքներ էր ցույց տալիս, և մեկը կողքից տեսել է, մտածել է, թե հարվածում է»:

Ավելի ուշ մեկնարկած ասուլիսի ընթացքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչու էր հայաստանյան ռեժիմի դեմ պայքարող շարժումը ճանապարհ բռնել դեպի Լեռնային Ղարաբաղ, պատասխանեց, որ Հայաստանն ու Արցախը մեկ միություն է, և երկուսն էլ միևնույն ռեժիմի զոհերն են․ - «Ստեփանակերտի ռեժիմը երևանյան ռեժիմի մասնաճյուղն է: Իսկ Հանրապետական կուսակցությունը Հայաստանում հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած համակարգի հիմնական բաղադրիչներից մեկն է, և այդ կուսակցության վերնախավը քրեական հանցագործություն է կատարել և կատարում է շարունակաբար, որովհետև բռնությամբ, խաբեությամբ և կեղծիքով հայ ժողովրդի իշխանությունը յուրացնելու գործին մասնակցել է և մասնակցում է»:

Բերձորում կատարվածը «Հիմնադիր խորհրդարանը» որակում է «նախօրոք հրահանգված բռնություն», որի արդյունքում վնասվել է 20 ավտոմեքենա, առևանգվել կամ կոտրվել է 3 տեսախցիկ: Ընդհանուր վնասի չափը, ըստ Վարուժան Ավետիսյանի, կազմում է 35 հազար դոլար:

«Հիմնադիր խորհրդարանը», այդուհանդերձ, դիմում-բողոք չի ներկայացնելու իրավապահներին, քանի որ, Ավետիսյանի ձևակերպմամբ՝ տրամաբանություն չեն տեսնում: Փոխարենը կբացվի հաշվեհամար, որտեղ շարժման համախոհները կկարողանան փոխանցել իրենց նվիրատվությունները:

Դեպի Արցած իրազեկման երթի մասնակից Կարո Եղնուկյանին բարկացրել են Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի խոսքերը, թե Բերձորի միջադեպի տեսանյութի տարածումը «սադրանքի շարունակությունն է»:

«Ուրեմն դուք մեր մեքենաները ջարդեք, մեզ ծեծեք, և մենք եթե ցույց տանք, որ դա արել եք, դա վատ է: Ինչո՞ւ եք մեր տեսախցիկները ջարդում: Ինչո՞ւ Արցախ TV-ն չի ցույց տալիս կադրերը․․․ Իրենք ունեին դրոն, անօդաչու սարք վերևից նկարահանող, իրենք ունեին Արցախ TV-ի այդ մեծ տեսախցիկը», - հավելեց Եղնուկյանը:

«Հիմնադիր խորհրդարանը» պատրաստվում է նաև հայցադիմում ներկայացնել ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի դեմ: Ըստ կազմակերպության տարածած հաղորդագրության, Մելիքյանը վիրավորանք է հասցրել «Հիմնադիր խորհրդարանին»՝ ասելով, թե դեպի Արցախ ավտոերթն իրականացվել է թուրք-ադրբեջանական փողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG