Մատչելիության հղումներ

Ենիգոմշյան. «Բերձորում տեղի ունեցածը խորացրեց խզվածքը Արցախի և Հայաստանի միջև»


Ալեք Ենիգոմշյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, Երևան, 3-ը փետրվարի, 2015թ.
Ալեք Ենիգոմշյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, Երևան, 3-ը փետրվարի, 2015թ.

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցչի խոսքով՝ խիստ պատճառներ կան մտածելու, որ «տեղի ունեցածը պատահականություն չէր»։

«Հիմնադիր խորհրդարանի» («Նախախորհրդարան») քարտուղարության անդամ, տեսողական խնդիրներ ունեցող Ալեք Ենիգոմշյանը, ով հունվարի 31-ին Բերձորի իրադարձությունների ժամանակ ծեծի ենթարկվածների թվում էր, տեղի ունեցածի հետ կապված առնվազն երկու խնդիր է տեսնում։

«Մեկը՝ իսկական ընդդիմությանը Հայաստանում, իրենց կարծիքով, լավ դաս տալու և վախեցնելու, և ոչ միայն այդ ակտիվ ընդդիմությանը, այլ մեր ժողովրդին, մեր ժողովրդի վճռական մասսաներին վախեցնելու, սարսափեցնելու նպատակ էր հետապնդում այդ ծեծուջարդը: Երկրորդը, դժբախտաբար, ես կասեի՝ այդ առաջինից է՛լ ավելի վտանգավոր է, որովհետև արդյունքները, համենայն դեպս, դա են ցույց տալիս. մենք տեսնում ենք, որ այն, ինչ կատարվեց ամսի 31-ին, բազմաթիվ առումներով խորացրեց խզվածքը Արցախի և մնացած Հայաստանի միջև», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ենիգոմշյանը։

Ըստ նրա՝ դեպքը ոչ միայն Հայաստանի բնակչության մոտ այդ արհեստական, բայց չափազանց վտանգավոր ղարաբաղցի - հայաստանցի ճեղքվածքն ուժեղացրեց, այլև քաղաքական և աշխարհաքաղաքական առումով Լեռնային Ղարաբաղը հեռացրեց Հայաստանից։

«Այսինքն, այն մտավախությունը, որ կար ամիսներ ի վեր, սակայն Եվրասիական միության ծրագրի շրջանառության մեջ դրվելուց հետո ավելի զգալի դարձավ՝ Արցախի անջատումը մնացած Հայաստանից, և, հետևաբար, Արցախի նվիրումը այլ ուժերի, այդ միտումը մի կարևոր քայլով, շոշափելի քայլով ավելի նյութականացվեց», - ասաց Ենիգոմշյանը։

Նրա խոսքով՝ խիստ պատճառներ կան մտածելու, որ տեղի ունեցածը պատահականություն չէր. - «Այն աշխարհաքաղաքական արդյունքը և հետևանքը, որին ակնարկեցի, և, հետևաբար, պետք է մտածել, որ հենց սկզբից նաև այդ նպատակն է հետապնդում այս քայլի ձեռնարկելը»։

Հիշեցնենք՝ հունվարի 31-ին ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են, ծեծի ենթարկել Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» ավտոշարասյան մասնակիցներին, ջարդել մեքենաների ապակիները, պոկել դրոշները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG