Պաշտոնական Անկարան կոշտ կերպով հակադարձում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Ցեղասպանության թեմայով արված վերջին հայտարարություններին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը շաբաթ օրը երկրի պաշտոնական լրատվական գործակալության` Anadolu-ի թղթակիցն ասել է․ - «Թուրքիայի նախագահի` իրեն ուղղված հրավերի մասին Սարգսյանի հայտարարությունները սազական չեն պետական գործչին: Դիվանագիտական պրակտիկային հակասող նման հայտարարությունները մեզ համար անընդունելի են»:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը անցած հինգշաբթի օրը Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր․ - «Թուրքիան անհեռատես և ցինիկ որոշում կայացրեց` խմբագրելով սեփական պատմությունն ու որոշելով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշել նույն այն օրը, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը` ապրիլի 24-ին»:
Պատասխանելով Սարգսյանի այս հայտարարությանը` Իբրահիմ Քալընը նաև նշել է․ - «Հայաստանը փորձում է 2015-ը Թուրքիայի և թուրքերի դեմ քարոզչական արշավների տարի դարձնել: Բայց մեր երկիրը շարունակելու է դիմադրել քաղաքական նպատակներով պատմության միակողմանի շահարկման բոլոր փորձերին»:
Սերժ Սարգսյանի հայտարարությանը հակադարձել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը` հատուկ հրապարակված հայտարարության միջոցով:
«Մենք խստորեն դատապարտում ենք Սարգսյանի որդեգրած տոնը, որը սազական չէ նրան՝ որպես հարևան պետության ղեկավարի և որպես պատմական [հարուստ] անցյալ ունեցող հայ ժողովրդի ներկայացուցչի: Բայց անգամ նման պայմաններում Թուրքիան այս մոտեցումը չի դիտարկում որպես խոչընդոտ, որ կարող է խանգարել Անկարայի փորձերին` կարգավորել հարաբերությունները հայ ժողովրդի, մասնավորաբար՝ հայկական սփյուռքի հետ: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ», - նշված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում:
Անցած շաբաթավերջին Ցեղասպանության 100-ամյակի շուրջ ծավալված իրադարձություններին անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահը: Պետական TRT հեռուստաալիքի եթերում Էրդողանը հայտարարեց․ - «Մենք պարտավոր չենք որևէ մեկի պահանջով ճանաչել այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը: Մեր ասելիքը չի փոխվել` եթե դուք այս հարցում ազնիվ մոտեցում ունեք, հարցը թողեք պատմաբանների դատին»:
Ռեջեփ Էրդողանը մեկ անգամ ևս կրկնեց, թե իր համոզմամբ՝ Ցեղասպանության 100-ամյակի քարզչական արշավի շարժիչ ուժը արտերկրի հայկական կազմակերպություններն են:
«Հայկական սփյուռքն է, որ փորձում է հասնել նրան, որ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչվեն: Բացի այդ՝ հենց հայկական սփյուռքն է, որ քայլեր է ձեռնարկում Թուրքիայի դեմ ճնշումներ բանեցնելու ուղղությամբ», - ասաց Թուրքիայի նախագահը: