Մատչելիության հղումներ

Ազատամարտիկների միջադեպով քրեական գործ չի հարուցվի


Ազատամարտիկների ծեծի առնչությամբ ոստիկանությունը քրեական գործ չի հարուցի
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00

Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցի՝ պարզելու, թե ովքեր էին երկու շաբաթ առաջ նույն օրը տարբեր վայրերում ծեծի ենթարկել իշխանափոխություն պահանջող ազատամարտիկներին։

Ոստիկանությունից «Ազատության»-ը պարզաբանեցին՝ նման որոշում են կայացրել, քանի որ այս գործով բողոք չի եղել։

Այս որոշումը չի զարմացրել ո՛չ ազատամարտիկներին, ո՛չ էլ իրավապաշտպաններին: Նրանք հիշեցնում են՝ ազատամարտիկներից երկուսի դեմ բռնությունների հետ շաղկապվում է փոխոստիկանապետ, Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի անունը։

«Ոստիկանությունը չէր կարող ինքն իրեն պատժել», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկված ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։ - «Երկու տղա եթե հիմա փողոցում իրար ծեծեն, մի ոստիկան գա, երկուսին էլ բռնի, ու եթե երկուսն էլ չբողոքեն, մինչև համապատասխան բախշիշը այսպես կոչված չստանան, այդ տղերքին կտանեն կդատեն: Հիմա գործը փակել են: Ճիշտն ասած՝ ես թքած ունեմ»:

Սարգսյանի մարտական ընկերներից երկուսը՝ բռնության ենթարկված «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն ու «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը պնդում են, որ միջադեպից հետո Լևոն Երանոսյանը իրենց հետ զրույցում ընդունել է, որ ծեծողները եղել են «իր տղաները», որոնց թվացել է, թե ազատամարտիկները վիրավորել են երկրի նախագահին։ Երանոսյանն առայժմ չի հերքել այս պնդումը։

Սուրեն Սարգսյանի, նրա մարտական ընկերների, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների նկատմամբ բռնությունների վերաբերյալ մտահոգություն էր հայտնել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ իշխանություններից պահանջելով բացահայտել ու պատժել մեղավորներին։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ, քրեական գործի հարուցումը մերժելով՝ Հայաստանի իշխանությունները կրկին ցույց տվեցին, որ արհամարհում են այս հորդորները: «Ազատության» հետ զրույցում նա պնդում է, որ պատասխանատվության պետք է ենթարկվեր հենց բարձրաստիճան ոստիկանն իր «արբանյակներով», սակայն ոստիկանությունը կոծկեց այս գործը․ - «Հրապարակային ռազբորկայի արդյունքը այն էր, որ ոստիկանությունը սխալ դուրս եկավ, և նսեմացված վիճակում մնաց փոխոստիկանապետը: Դա մեղայականով հանդես գալ է, երբ նա ասում է՝ իմ տղաները սխալվել էին: Այս մտայնությունը գերիշխող է պաշտոնատար անձանց մոտ, այդ ռազբորկայի մտայնությունը: Եվ դրա համար քրեական գործը չի հարուցվի, որովհետև իրենք արդեն այսպես են պարզել ինչն ինչոց է․․․ Եթե քրեական գործ հարուցվի, ոստիկանությունն է տուժելու»:

XS
SM
MD
LG