ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սադրանք է որակել Լեռնային Ղարաբաղի շփման գծի վրա և դրա խախտմամբ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, ինչի մասին հաղորդումներ կան:
Ամերիկացի դիվանագետը Թվիթերում կատարած գրառմամբ նաև ընդգծել է, որ կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը երեկ հերքեց Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը ադրբեջանական դիրքերի վրա հայկական Զինված ուժերի անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր հերթին, Ֆեյսբուքում գրեց, որ ըստ հավաստի տվյալների՝ ադրբեջանցիները խոցել են սեփական անօդաչու թռչող սարքը:
Այս ամիս ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն էր հայտնել Ադրբեջանի զինուժի կողմից շփման գծի որոշ հատվածներում անօդաչու թռչող սարքեր օգտագործելու մասին, ինչը Բաքուն փաստորեն հաստատեց՝ հայտարարելով, թե «իր տարածքներում իրավասու է օգտագործել ցանկացած տեխնիկա և այսուհետ էլ կշարունակի»: