Անցած գիշեր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծում դարձյալ լարված է եղել, թեև, ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը լարվածության թուլացման որոշակի միտում է նկատվել։
«Կրկին սահմանին եղել է որոշակի լարվածություն, չնայած ընդհանուր թուլացման միտում կա ՀՀ սահմաններին: Հակառակորդը կրակել է՝ սովորականից շատ է կրակել: Բարեբախտաբար, որևէ տուժած, վիրավոր չունենք մեր կողմից: Հակառակորդի կրակոցներին շատ դեպքերում չենք էլ պատասխանել, որովհետև դրանք, ամեն դեպքում, այնքան էլ թիրախային չեն եղել», - «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել աննախադեպ մի հայտարարությամբ, որում առաջին անգամ խուսափել էին վերջին շրջանում լարվածությունների աճի հետ կապված հայկական և ադրբեջանական կողմերի միջև հավասարության նշան դնելուց:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի համաձայնագիրը։ Բռնությունները նվազեցնում են խաղաղության հասնելու ջանքերը»,- հայտարարել էին միջնորդները։
«Ազատության» հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը համանախագահների հայտարարության մեջ Ադրբեջանին ուղղված կոչը համարում է մեղադրանք այդ երկրի հասցեին։
«Համանախագահների այս հայտարարության մեջ օգտագործված է դիվանագիտական շատ ավելի կոշտ լեզու, քան սովորաբար լինում է, և այն անմիջականորեն հասցեագրված է ադրբեջանական կողմին։ Հաշվի առնելով միջնորդների նախկին հայտարարությունները՝ սա արտասովոր է, քանի որ նախկինում նրանք մշտապես ձգտում էին հավասարակշռություն պահպանել», - ասում է Կիրակոսյանը։
Ըստ փորձագետի, Ադրբեջանին ուղղված միջնորդների այս կոչը կարևոր նախադեպ է ու դրանով դիվանագիտական առումով նոր էջ է բացվում։ Կիրակոսյանը նշում է, որ միջնորդների բաց տեքստով մեղադրանքը Ադրբեջանի հասցեին ցույց է տալիս նրանց հիասթափությունը այդ երկրի նկատմամբ, որի ղեկավարությունն, իր հերթին, հատկապես վերջին շրջանում, առիթը բաց չէր թողնում քննադատելու միջնորդներին՝ անարդյունավետ աշխատանքի համար։
«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Մինսկի խմբի այս հայտարարությամբ ավելի է մեծանում ճնշումն Ադրբեջանի նկատմամբ և որ ավելի կարևոր է՝ ցույց է տալիս, որ միայն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն են այս գործընթացում կողմնակից խաղաղ կարգավորմանը։ Հիմա, թերևս, այն պահն է, երբ որ այս գործընթացը կարող է ավելի հեռուն գնալ, ինչը կարող է հանգեցնել Ադրբեջանի նկատմամբ պատիժների գործադրման», - կարծում է Կիրակոսյանը:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, մինչդեռ, Ադրբեջանին պատժելու ակնարկներ այս հայտարարության մեջ չի տեսնում։ Պարզապես ավելի համարձակ են դիմում Ադրբեջանին, ասում է նա՝ շարունակելով․ - «Մի փոքր տարբերություն իրենք դրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ի վերջո, Ադրբեջանի դեպքում հստակ ասացին, որ՝ դուք չպետք է խախտեք զինադադարը, Հայաստանի դեպքում ասացին, որ՝ դուք մի սրեք իրավիճակը: Բայց, այնուամենայնիվ, ես համարում եմ, որ այդ տարբերությունը շատ փոքր է, գրեթե աննշան է»:
Քաղաքագետը համոզված է՝ քանի դեռ միջնորդները ավելի հստակ ուղերձներ չեն հղում Ադրբեջանին, այդ երկիրը կշարունակի իր հարձակողական գործողությունները։
«Ազատության» խնդրանքով մեկնաբանելով միջնորդների այս հայտարարությունը՝ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հետևյալը փոխանցեց. - «Սա հերթական հասցեագրված ուղերձն է Ադրբեջանին, որի ղեկավարությունը կորցրել է իրատեսության զգացումը և արդեն կասկածներ են առաջանում նրա՝ իրավիճակը ադեկվատ գնահատելու կարողության վերաբերյալ։ Մենք ասել էինք, որ վաղուց եկել է Ադրբեջանին սթափեցնելու ժամանակը»։