Մատչելիության հղումներ

ՓՄՁ ներկայացուցիչները կրկին Կառավարության մոտ են


Բողոքի ակցիան Կառավարության շենքի առջև, Երևան, 27-ը հունվարի, 2015թ․
Բողոքի ակցիան Կառավարության շենքի առջև, Երևան, 27-ը հունվարի, 2015թ․

Փոքր և միջին բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչներ, տոնավաճառների աշխատակիցներ այսօր կրկին հավաքվել են Կառավարության շենքի մոտ, կրկին նույն պահանջով՝ կասեցնել «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը։

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության շենքի մոտ մի քանի ժամ տևած ցույցի ընթացքում այդպես էլ Կառավարությունից ոչ ոք դուրս չեկավ։ Ցուցարարները դա արհամարհանք որակեցին և ի պատասխան Կառավարության, ինչպես իրենք են ձևակերպում, արհամարհանքի, այսօր բոլորը մեջքով շրջվեցին դեպի Կառավարության շենքը։

Ցուցարարներն այսօր պահանջում են նաև ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի պաշտոնանկությունը։ Երեկ վերջինս հայտարարել է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքը փոփոխման ենթակա չէ։

Ցուցարարներն ասում են, որ մինչև փետրվար ամեն օր նույն պահանջով կլինեն Կառավարության շենքի մոտ։ Եթե օրենքը չփոխվի, ոմանք ասում են՝ հացադուլ, նստացույց կսկսեն, ոմանք էլ նշում են, որ կհանձնեն իրենց ԱՁ-ները և կհեռանան Հայաստանից։

Իսկ այսօր մտադիր են այքան սպասել, մինչև վարչապետն իջնի։

Հիշեցնենք՝ առևտրականների և փոքր ու միջին գործարարների բողոքի ցույցերից հետո Կառավարությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքով նախատեսված գույքագրման պահանջը անցած տարվա հոկտեմբերի 1-ից հետաձգեց մինչև 2015-ի փետրվարի 1-ը: Օրենքը, մասնավորապես, սահմանում է, որ մինչև 58.3 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող գործարարները 3․5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն կվճարեն միայն 1 տոկոս, սակայն պարտավոր են ներկայացնել ապրանքի փաստաթղթերը, հակառակ դեպքում կարող են զգուշացվել և տուգանվել:

Նարինե Ղալեչյան

Մանրամասները՝ ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG