Ամենևին արդարացված չէ Ռուսաստանին իրավունք տալ՝ այդքան երկար ժամանակով իր զորքերը Հայաստանում տեղակայելու, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ արձագանքելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի վերաբերյալ հարցին, որով ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա մինչև 2044 թվականը:
Արզումանյանի խոսքով՝ 40-45 տարով պայմանագիր կնքելն արդարացված չէ որևէ ոլորտում: Որպես օրինակ նա բերեց վերջերս «Գազպրոմ»-ի հետ 43 տարով կնքված պայմանագիրը:
«Բաներ ենք ստորագրում, որ մենք վստահ չենք, որ այդքան կգոյատևի: Կլինի՞ արդյոք 43 տարի հետո «Գազպրոմ» կազմակերպություն, որի հետ մենք գազի առևտուր ենք անելու: Կլինի՞ այս փոփոխվող աշխարհում գազի այդպիսի պահանջարկ: Նույնը վերաբերում է ռազմաբազային․ կունենա՞նք մենք 48 տարի հետո նույն մարտահրավերները, որ ունենք այսօր, և կլինի՞ արդյոք Ռուսաստանը 48 տարի հետո մեր ստրատեգիական պարտնյորը, կամ նույն դաշտո՞ւմ կգործի, կամ նույն սահմաններո՞ւմ կլինի», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Արզումանյանը։
Նախկին արտգործնախարարն ընդգծեց, որ նման փոփոխվող աշխարհում այդպիսի երկար պարտավորություններ չի կարելի ստանձնել:
«Ես որևէ խնդիր չէի տեսնեի, եթե Ռուսաստանը ձգտեր առևտրատնտեսական հարաբերությունները խորացնել Թուրքիայի հետ՝ գիտակցելով դրա կարևորությունը, բայց ամենավտանգավորն այստեղ այն է, որ քաղաքական զիջումների են գնում, որում կարող է Հայաստանը որպես բանակցությունների օբյեկտ դիտարկվել», - նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Վկայակոչելով վերջերս ինտենսիվացած գնդակոծությունները սահմանին՝ պատգամավորը նշեց, որ Ռուսաստանն այս պարագայում որևէ բան չի անում:
«Ամեն օր ռմբակոծվում է Տավուշի մարզը: Սա էլ հո ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի սահմանամերձ գոտին է ռմբակոծվում: Ո՞ւր է ՀԱՊԿ-ը, որևէ հայտարարություն, ակնարկ, որ Ադրբեջանին այլևս զենք չեն վաճառի: Այն զենքը, որով, ի դեպ, Ադրբեջանը ռմբակոծում է մեր խաղաղ բնակչությանը», - ասաց Արզումանյանը՝ հավելելով․ - «Ավելին, այդ ընթացքում այս Պերմայկովի դեպքից հետո էլ Շոյգուն ստորագրեց ևս մեկ պայմանագիր, որ Ադրբեջանի սպաներին պետք է Ռուսաստանում նախապատրաստեն, աջակցեն»:
Դիտարկմանը, որ ոչ ոք չի էլ թաքցնում, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լուրջ սերտացնում է տեղի ունենում, Ազգային ժողովի պատգամավորն արձագանքեց, որ դա այլևս փաստ է, և Հայաստանն արդեն պետք է վերանայի, մտածի, թե ինչ նոր պայմանագրային բազա է անհրաժեշտ՝ հարաբերությունները բնականոն իրավիճակի բերելու համար:
«Այսօր իսկ կային հաղորդումներ, որ թուրքական բանակն է սահմանամերձ գոտում ինչ-որ ակտիվություն ցուցաբերում, տեղաշարժեր են տեղի ունենում: Իրոք շատ վտանգավոր զարգացումներ են, և հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանին որպես գուբերնիա է ընկալում և իր կամքն է թելադրում, ապա Ադրբեջանի հետ հարաբերություններում, որոնք իրոք կարևորվում են Ռուսաստանի համար, Հայաստանի ձայնը նույնիսկ լսելի չէ», - շեշտեց Ալեքսանդր Արզումանյանը: