ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
Կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության աճի վերաբերյալ հարցեր: Ադամ Շիֆն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ ջանքերի գործադրման առաջնահերթությունը:
Դեսպան Սարգսյանի խոսքով, այդ հարցում առանցքային նշանակություն ունի ԱՄՆ և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության ակտիվ դերակատարությունը և դիրքորոշումը:
Հանդիպմանը կարևորվել է ամերիկյան ներդրումների ներգրավման հարցը: Կոնգրեսական Շիֆի խնդրանքով Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: