Մատչելիության հղումներ

Կիվիրյան․ «Ինձ անհիմն են բերման ենթարկել»


Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին Երևանի Ազատության հրապարակից, 15-ը հունվարի, 2015թ․
Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին Երևանի Ազատության հրապարակից, 15-ը հունվարի, 2015թ․

Իրավապաշտպանի վկայությամբ՝ ոստիկանները բռնություններ են գործադրել ինչպես իր, այնպես էլ մնացած բերման ենթարկվածների նկատմամբ:

«Ինձ երկու անգամ էլ բերման են ենթարկել ապօրինի, անհիմն կերպով՝ բռնություններ իրականացնելով ինչպես իմ, այնպես էլ մնացած բերման ենթարկվածների նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը՝ խոսելով Երևանում երեկ տեղի ունեցած իրադարձությունների մասին:

«Ոստիկանությունը այդ օրը գործում էր՝ խախտելով օրենսդրությունը, ամեն կերպ փորձելով նվաստացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, խախտելով նրանց իրավունքները», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ բերման ենթարկելու ժամանակ քաղաքացիներին որևէ հիմնավորում չի ներկայացվել:

«Միանգամից հիմնականում ոլորում էին մարդկանց ձեռքերը, նրանց բռնի կերպով նստեցնում էին ոստիկանական ավտոմեքենաները և տանում էին բաժիններ», - պատմեց Արգիշտի Կիվիրյանը:

Նա փոխանցեց, որ երբ իրեն առաջին անգամ բերման ենթարկեցին Ռուսաստանի դեսպանատան մոտից, իր նկատմամբ վարչական վարույթ հարուցվեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջները չկատարելու հոդվածով: Իրավապաշտպանի խոսքով, սակայն, իրեն որևէ օրինական պահանջ չի ներկայացվել:

«Իսկ երեկոյան երբ ինձ բերման ենթարկեցին Ազատության հրապարակից, տարել են Քանաքեռի ոստիկանության բաժին, մոտ մեկ ժամ պահել ոստիկանական մեքենայի մեջ և բաց թողել: Այսինքն՝ ոստիկանության այն բոլոր հայտարարությունները, թե իբր Ազատության հրապարակում փնտրել են զենք, լիովին անհիմն են», - ասաց Արգիշտի Կիվիրյանը՝ հավելելով, որ ոստիկանների նպատակը պարզապես բողոքի ակցիայի իրականացմանը ամեն ձևով խոչընդոտելն էր:

Նշենք, որ ոստիկանությունը այսօր տարածած հայտարարության մեջ նշել է, թե երեկոյան Երևանում բերման ենթարկվածներից երկուսի մոտ զենք է հայտնաբերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG