Մատչելիության հղումներ

Պարտադիրի գումարները դեռ չեն վերադարձվում, ֆոնդերը շարունակում են շահույթ ստանալ


Պարտադիրի գումարները դեռ չեն վերադարձվում
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00

Այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 1-ը քաղաքացիները ետ կստանան պարտադիր կուտակային կենսաթոշակների համար պահված գումարները, որոնք անկախ վերջիններիս կամքից պահվել էին դեռ անցած տարվա աշխատավարձերից:

Սա նախատեսված է «Կուտակային կեսաթոշակների մասին» նոր օրենքով: Իհարկե, օրենքն ուժի մեջ է ընդամենը մի քանի օր, այդուհանդերձ, գումարների հետհաշվարկը դեռ չի սկսվել: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի (ԿՀԻԿ) տեղեկատվության և հաղորդակցության գծով կառավարման տնօրեն Պերճուհի Պետրոսյանը։

«Կենտրոնական դեպոզիտարիայում այս պահին ընթանում է դիմումների և տեղեկատվության ամփոփումը։ Ամեն դեպքում, դիմումներ ներկայացրած մասնակիցների գումարների վերադարձը կկատարվի օրենքով սահմանված ժամկետների շրջանակում»,- ասաց Պետրոսյանը։

Պահված գումարները փոխանցելու են այն քաղաքացիների բանկային հաշիվներին, ովքեր մինչև անցած տարվա դեկտեմբերի 25-ը համապատասխան դիմումներ են ներկայացրել Կենտրոնական դեպոզիտարիա: Շողեր Բաբայանը, ով այսօր ստուգել և համոզվել էր, որ խոստացված գումարը դեռ ետ չի նստել իր հաշվին, մեզ հետ զրույցում ասաց, որ թերահավատ է փողերի վերադարձի հարցում։

«Ժամկետը շատ-շատ մեծ է, ու կարծում եմ, հենց այդտեղ էլ իրենք կօգտվեն, կպահեն, մինչև հունիսի 30-ը»,- կարծում է Բաբայանը։

Մտավախությունն անհիմն չէ, քանզի նախկինում այս օրենքի հետևանքով առաջացած գրեթե բոլոր խնդիրներին մասնակի լուծումները տրվել են այն ժամանակ, երբ սահմանված վերջնաժամկետները համարյա սպառված են եղել։

«Չգիտեմ, դրանք իրականում տեխնիկական խոչընդոտներ են, թե դիտավորյալ են արվում, բայց բոլոր կետերը խոչընդոտվել են»,- ասաց Բաբայանը։

Բաբայանը հիշեցնում է՝ հեռու անցյալում չէ այն օրը, երբ ֆինանսների նախարարության թույլ տված տեխնիկական սխալների պատճառով անհատ ձեռներեցների զգալի մասը պարզապես չհասցրեց մինչև դեկտեմբերի 25-ը հրաժարվել պարտադիր սոցիալական վճարից և օգտվել անցած տարվա պահված գումարները ետ ստանալու հնարավորությունից:

ԿՀԻԿ-ի ներկայացուցիչ Պերճուհի Պետրոսյանը հորդորում է չանհանգստանալ.- «Անկախ այն հանգամանքից, թե երբ կկատավի փայերի մարումը, բոլոր քաղաքացիների գումարները պարտադիր վերադարձվելու են»։

Պահված 5 տոկոսների հաշվին պետք է նաև այսպես ասած փայեր կուտակվեին: Բաբայանը մեզ փոխանցեց, որ 10 ամիսների ընթացքում իր հաշվին եղած գումարը ավելացել է մի քանի հարյուր դրամով: Նա վստահ է՝ փողերը հնարավորինս ուշ կվերադարձվեն նաև գումարները ֆոնդերում ավելի երկար պահելու և հնարավորինս ավելի մեծ շահույթ ստանալու նպատակով:

«Իհարկե, շրջանառելու են այս ընթացքում այդ գումարները և շատ ավելի մեծ փայեր են ունենալու, քան մեզ են տրամադրելու»,- ասում է Բաբայանը։

Կենտրոնական դեպոզիտարիան տեղեկություն չի տալիս այն մասին, թե քանի դիմում պետք է բավարարի և մոտավորապես որքան է լինելու վերադարձվելիք գումարի չափը՝ պատճառաբանելով, թե այդ տեղեկատվությունը ենթակա չէ հրապարակման:
Հարկ է նշել, որ համաձայն նույն օրենքի՝ կենսաթոշակային ֆոնդի փայերի հետգնման ժամանակ կարող է գանձվել առավելագույնը 2 տոկոս մարման վճար: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ասյ դրույթում թերություն էր տեսել, քանի որ ֆոնդերի կառավարիչները պետք է ներքին կանոնադրությամբ սահմանեն, թե յուրաքանչյուր ֆոնդ մարման ինչ վճար է սահմանելու: Իր գումարի ետ ստացումն ակնկալող Շողեր Բաբայանը ևս չի հասկանում՝ ի՞նչ հիմնավորմամբ է այդ 2 տոկոսը պահվելու:

«Չէ՞ որ այդ գումարը շրջանառելու ընթացքում ավելի մեծ փայեր իրենք են վաստակել, որ ինչ-որ մի մասը մեզ են տրամադրում»,- ասում է նա։

ԿՀԻԿ-ից հայտնում են, որ այդ երկու տոկոսը հաշվարկելու է քաղաքացու հատկացումների և փայերից ստացված եկամուտների հանրագումարից: Պերճուհի Պետրոսյանը նշեց, որ անցած տարի ֆոնդերը միջինը 12 տոկոս շահութաբերություն են ապահովել:

«Եվ ամեն դեպքում այդ երկու տոկոսը, որ պահվի, մասնակիցները չեն ստանա իրենց հատկացրած գումարից պակաս գումար»,- ասաց Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG