Մատչելիության հղումներ

Կուաշի եղբայրների որոնումները շարունակվում են


Ֆրանսիա - «Շառլի Էբդո»-ի դեմ հարձակման գործով կասկածյալներ 34-ամյա Սաիդ (աջից) և 32-ամյա Շերիֆ Կուաշի եղբայրների լուսանկարները, որոնք հրապարակել է ոստիկանությունը, 8-ը հունվարի, 2015թ․
Ֆրանսիա - «Շառլի Էբդո»-ի դեմ հարձակման գործով կասկածյալներ 34-ամյա Սաիդ (աջից) և 32-ամյա Շերիֆ Կուաշի եղբայրների լուսանկարները, որոնք հրապարակել է ոստիկանությունը, 8-ը հունվարի, 2015թ․

«Շառլի Էբդո»-ի վրա ահաբեկչական գրոհից հետո Ֆրանսիայում 88 հազար ուժայինների են կենտրոնացրել Կուաշի եղբայրներին հայտնաբերելու համար:

Ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի վրա հարձակման գործով կասկածվող Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները դեռ տարիներ առաջ են ներառվել ահաբեկչության հետ կապված անձանց ամերիկյան ցուցակում, և նրանց ԱՄՆ մուտք ու ելքը օդանավով արգելված է, ABC հեռուստաընկերությանը ասել է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայության ներկայացուցիչը:

Երկու օր առաջ շաբաթաթերթի վրա հարձակման հետևանքով սպանվեց 12 մարդ, այդ թվում՝ շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, լրագրողներ, ծաղրանկարիչներ, երկու ոստիկան:

Շաբաթաթերթի գրասենյակի վրա ահաբեկչական գրոհից հետո ֆրանսիական հատուկ ծառայությունները շուրջ 88 հազար իրավապահների, զինվորականների, ոստիկանների են կենտրոնացրել Սաիդ և Կուաշի եղբայրներին հայտնաբերելու համար:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ Սաիդ Կուաշին լուսանկարներով ճանաչվել է որպես հարձակման անմիջական մասնակից: Նախարարը, սակայն, մամուլի ասուլիսի ժամանակ չի պարզաբանել, թե հատկապես ինչ լուսանկարով է հնարավոր եղել հաստատել, որ Սաիդ Կուաշին հարձակման անմիջական մասնակից է: Մամուլում տեղեկություններ կան, ըստ որոնց՝ Կուաշին նկարահանվել է այն պահին, երբ նա մերձփարիզյան Պանտեն բնակավայրում զենքով սպառնացել է մի վարորդի:

Ահաբեկչության մեջ կասկածվող եղբայրները, ըստ մամուլի հրապարակումների, տեղաշարժվել են սպիտակ մեքենայով և զինված: Ահաբեկչության կասկածանքով 9 ձերբակալվածներից մեկի ավտոմեքենայի խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են Սաիդ Կուաշիի փաստաթղթերը:

Վերլուծաբանները «Շառլի Էբդո»-ի գրասենյակի վրա գրոհը և դրան հաջորդած մյուս ահաբեկչական գործողությունների շղթան որակում են որպես մշակույթների բախման արտահայտություն: Ուշադրության է արժանանում այն հանգամանքը, որ Եվրոպայում մահմեդական ամենամեծ համայնքն ունեցող երկիրը Ֆրանսիան է, որի բնակչության մեջ նրանք մինչև 7.5 տոկոս են կազմում:

Նախագահ Ֆրանսուա Օլանդը անցյալ ամիս կառավարությանը կոչ էր արել նպաստել ներգաղթին՝ դա համարելով տնտեսական և մշակութային լայն հնարավորություն երկրի համար: Միևնույն ժամանակ, Օլանդը հորդորել էր ներգաղթյալներին չհամարել քավության նոխազ տնտեսական ձախողումների համար:

Մինչդեռ Օլանդի ընդդիմախոս, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կոչ էր արել սահմանափակել ներգաղթը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը խստորեն դատապարտել է «Շառլի էբդո»-ի վրա հարձակումը: Մասնավորապես անդրադառնալով մահմեդական ոստիկանի սպանությանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ասել է․ - «Հիմա մենք գիտենք այդ ոստիկանի անունը՝ Ահմեդ Մերաբեթ: Սա հիշեցնում է, թե ինչի ենք մենք միասին առերեսվում»: Բան Կի-մունը հորդորել է զերծ մնալ միջկրոնական պատերազմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG