Մատչելիության հղումներ

Վրաստանում ձնաբուքը երեք հայի կյանք է խլել


Վրաստանում ձնաբուքը երեք հայի կյանք է խլել
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00

Վրաստանում ուժեղ ձնաբուքը և զրոյից ցածր ջերմաստիճանները երեք հայի մահվան պատճառ են դարձել:

Ստեփանցմինդա-Լարս ճանապարհին ձնաբքի տակ մնացած ավտոմեքենայում երկու հայաստանցիների մահվան երկու վարկած է շրջանառվում՝ ցրտահարությունը կամ ավտոմեքենայում թունավոր գազերի արտահոսքը, ինչի աղբյուր կարող էր հանդիսանալ մեքենայում տևական ժամանակ միացված տաքացուցիչը։

Մահացածները Սևանի բնակիչներ էին։ Դիակները, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց զոհվածների հարազատներից Յուրա Գալստյանը, դեռ Հայաստան չեն տեղափոխվել:

Հարազատների փոխանցմամբ՝ նրանք Ռուսաստան էին ուղևորվում սոցիալական ու ֆինանսական խնդիրների պատճառով։

Յուրա Գալստյանը պատմեց, որ զոհվածներից 51-ամյա Շահեն Հարությունյանը ղարաբաղյան պատերազմի մասնակից էր, ուներ հաշմադամության կարգ: Ծայրահեղ վատ սոցիալական պայմանների հետևանքով նրա ընտանիքը ընկել էր մեծ պարտքերի տակ․ - «Հաշմարդամ էր, պատերազմի մասնակից և՛ ինքը, և՛ քույրը: Հայրը անկողնային հիվանդ է, մայրը հիվանդ է: Չորսով իրար հետ էին ապրում քրոջ թոշակով և հորն ու մոր թոշակով: Պարտքեր ունեին, Շահենը գնում էր այդ պարտքերը փակելու համար աշխատեր․․․»:

Ուժեղ ձնաբուքը և զրոյից ցածր ջերմաստիճանը մահվան պատճառ է դարձել ևս մեկ հայի համար։ Մոտ երկու օր անհետ կորած Վրաստանի քաղաքացի, Նինոծմինդայի բնակիչ 54-ամյա Վազգեն Գինոսյանի դին այսօր փրկարարները դուրս են բերել սեփական մեքենայից Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին։

Զոհվածի համաքաղաքացի Աղունիկ Այվազյանն «Ազատությանը» պատմեց դեպքի մանրամասները․ - «Մեքենաները մնացել էին ճանապարհին, ամբողջ ոստիկանությունը, էմչեէսը բան էին անում, չէին կարողանում մարդկանց ազատել: Մեկին, որ ճանապարհին ծննդաբերել էր, հազիվ հասցրին հիվանդանոց, իսկ այդ տղամարդուն չկարողացան փրկել: Արդեն սառել էր»:

Չդադարող ձյունն ու մերկասառույցը այսօր կրկին անանցանելի են դարձրել Նինոծմինդայից մինչև Հայաստանի սահման՝ Բավրայի անցակետն ընկած ճանապարհահատվածը։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այդ հատվածում արգելափակումից դուրս են բերվել մի քանի տասնյակ մեքենաներ, իսկ ճանապարհի մաքրման աշխատանքներն ինտենսիվ կերպով շարունակվում են:

«Ամեն ինչ արվում է, որ ճանապարհը շուտափույթ կերպով անցանելի դառնա։ Եթե եղանակային պայմաններն է՛լ ավելի չվատանան, ապա ճանապարհահատվածը երեկոյան արդեն երթևեկելի կլինի», - հավելեց նախարարության ներկայացուցիչը:

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լարսի անցակետը հնարավոր է դեռ երկար ժամանակ փակ մնա։ Ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել են, սպասում են, մինչև եղանակը փոքր-ինչ կբարելավվի։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը փոխանցեց, որ Ստեփանծմիդա-Լարս ճանապարհահատվածում արգելափակումից դուրս է բերվել ավելի քան 200 մեքենա․ - «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձնաբքի տակ հայտնված մարդկանց տարհանենք: Մեր տեղեկություններով, այս պահին արդեն իսկ արգելափակումից դուրս են բերվել բոլոր մեքենաները, մարդկանց տարհանել են»:

Վերջին օրերի ձյունը անանցանելի է դաձրել նաև մի շարք ճանապարհներ Հայաստանի տարածքում։ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթափոխից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ մերկասառույցի պատճառով վերջին երկու օրերին օգնություն է ցուցաբերվել արգելափակման մեջ հայտնված ավելի քան 300 մեքենաների վարորդների և նրանց ուղևորներին։

XS
SM
MD
LG