Արդեն երրորդ օրն է փակ են Բավրայի անցակետով Վրաստան տանող ճանապարհն ու վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետը:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Խանգելդյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ Բավրայի ճանապարհահատվածից նախորդ երկու օրերին տարհանվել են ավելի քան երկու հարյուր տրանսպորտային միջոցներ՝ հիմնականում թեթև մարդատար ավտոմեքենաներ:
Բավրայի անցակետով դեպի Վրաստան այսօր ևս հնարավոր չէ:
«Հունվար 5-ին և 6-ին բարդ իրավիճակ էր ստեղծվել Բավրայից Նինոծմինդա Վրաստանի Հանրապետության սահմանային բնակավայրի հատվածում, ուր արգելափակվել էր Վրաստանի կողմից մոտ 150 և Հայաստանի կողմից մոտ 60 տրանսպորտային միջոց: Հունվարի 5-ին փրկարարների ու ոստիկանության հետ համատեղ աշխատանքների արդյունքում մեր հանրապետության հատվածում արգելափակված բոլոր մեքենաները դուրս են բերվել, ճանապարհը դարձել է անցանելի: Իսկ Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա հատվածի տրանսպորտային միջոցները հաջողվեց դուրս բերել միայն երեկ երեկոյան և հաջողվել էր ապահովել նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն: Վրաստանի հատվածից դրանք հիմնականում մեր հայրենակիցներն էին, որոնք վերադառնում էին Ամանորի արձակուրդներից: Բեռնատարների թիվը, իհարկե, մեծ չէր, բայց հիմնականում խցանումների պատճառները հենց բեռնատարներն են եղել», - ասաց Խանգելդյանը:
Ձյան, մրրիկի և մերկասառույցի պատճառով արդեն մի քանի օր ի վեր փակ է Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը: Այստեղ արգելափակված ավտոմեքենաների մասին, սակայն, նախարարությունը, ինչպես փոխանցեց Խանգելդյանը, տեղեկություններ չունի․ - ««Դեռևս ավտոճանապարհը ամբողջությամբ փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Այնտեղ կա ձնահյուսի վտանգ, և մոտակա օրերս մենք լրացուցիչ մեր կայքի միջոցով կտեղեկացնենք, թե երբ հնարավոր կլինի երթևեկության վերականգնումը»:
Նա նշեց, որ Ճգնաժամային կառավարման կենտրոնում չի գրանցվել որևէ տեղեկատվություն արգելափակված հայաստանյան ավտոմեքենաների մասին․ - «Չենք ստացել որևէ ահազանգ․․․ Ընդհանուր առմամբ, եթե մեր հայրենակիցները մնում են այնտեղ, զանգում են․․․ զանգում են Վրաստանի հերթապահ մաս: Այսպես թե այնպես, մենք անպայման իրազեկվում ենք»:
Հայաստանում ևս այսօր կան դժվարանցանի ավտոճանապարհներ:
«Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում մեր քաղաքացիներին մոտակա 10-15 օրվա ընթացքում, մինչև եղանակային պայմանների բարելավումը առանց եղանակի և ճանապարհների անցանելիության վիճակի մասին տեղեկատվություն ձեռք բերելու դուրս չգալ երթևեկություն», - ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը: