Ոստիկանությունը երեկ երեկոյան ցրել է Մոսկվայի Մանեժնայա հրապարակում կազմակերպված ընդդիմադիր բողոքի ակցիան:
Դեկտեմբերի 30-ին Կրեմլին հարող այս հրապարակում հավաքվել էին հազարավոր ցուցարարներ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու գործով կայացված դատավճռի առնչությամբ:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ոստիկանական հատուկ ստորաբաժանումները բերման են ենթարկել բազմաթիվ ցուցարարների և շղթայել հրապարակի տարածքը: Իրավապաշտպանները պնդում են, որ ոստիկանությունը ավելի քան 170 մարդու է ձերբակալել:
Նավալնին, ով 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել, նույնպես բերման է ենթարկվել․ ընդդիմադիր գործիչը այս տարվա փետրվարից տնային կալանքի է դատապարտված, սակայն, չնայած արգելքին, փորձ է կատարել հասնել Մանեժնայա հրապարակ և մասնակցել հանրահավաքին:
Հիշեցնենք՝ երեկ Մոսկվայի դատարանը հրապարակել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու և նրա եղբայր Օլեգի դատավճիռները: Եղբայրները մեղավոր են ճանաչվել «Իվ Ռոշե» և ևս մեկ ընկերության դրամական միջոցները խարդախությամբ հափշտակելու մեջ: Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 3.5 տարվա պայմանական ազատազրկման, նրա եղբայրը՝ Օլեգը, 3.5 տարվա ազատազրկման: