Մատչելիության հղումներ

Լոռու մարզի դատավորը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով


Լոռու մարզի դատավորը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով
please wait

No media source currently available

0:00 0:02:31 0:00

Խաչատուր Խաչատրյանի փաստաբանը, սակայն, պնդում է, որ «ստանալ փաստացի չի եղել»:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ուրբաթ օրը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ ձերբակալվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին ԱԱԾ-ի լրատվական կենտրոնից, դատավորը ձերբակալվել է դեկտեմբերի 25-ին ծառայության կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին: Ըստ ԱԱԾ-ի՝ Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է 20 հազար դոլար:

ԱԱԾ-ի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի հատկանիշներով` «դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», կատարվում է նախաքննություն:

Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատիժը ազատազրկումն է՝ յոթից տասներկու տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Չնայած Ազգային անվտանգության ծառայության այն պնդմանը, որ Խաչատրյանը պահանջել և ստացել է 20 հազար դոլար կաշառք, դատավորի փաստաբան Կարեն Թումանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ թեև իր պաշտպանյալը բերման է ենթարկվել աշխատավայրից՝ աշխատանքային ժամին, սակայն որևէ գումար նա չի ստացել:

«Ստանալ փաստացի չի եղել: Ես ոչ հերքում եմ, ոչ հաստատում [կաշառք ստանալը], բայց որպես այդպիսին՝ ինքը չի վերցրել գումարը, հիմա կարդացողները չգիտեմ ոնց կհասկանան, ինքը փաստացի չի ստացել էն գումարը, որը պաշտոնապես նշված է», - ասաց փաստաբանը:

«Այսինքն՝ այն, ինչ նշում է Ազգային անվտանգության ծառայությունը, իրականությանը չի համապատասխանում՝ որ պահանջել և ստացել է», - «Ազատության» այս դիտարկմանը Թումանյանը հակադարձեց․ - «Ես չասացի՝ իրականությանը համապատասխանում է կամ չի համապատասխանում, նայած ով ոնց է մեկնաբանում էդ ստանալու հանգամանքը, ինքը չի ստացել փաստացի էդ գումարը, որը նշված է՝ էն նշված գումարը կամ որևէ գումար փաստացի չի ստացել»:

Փաստաբանը հայտնեց, որ տեղյակ է քրեական գործի հարուցման մասին, և հավելեց․ - «Մեղադրանք չի առաջադրվել՝ նա ընդամենը կասկածյալի կարգավիճակում է»:

Թե ինչ քաղաքացիական գործ է, որի մասին խոսում է ԱԱԾ-ն, այդ կապակցությամբ փաստաբանը ասաց․ - «Դրանք ես չեմ կարող ներկայացնել այս պահին: Երբ որ մեղադրանք լինի և հնարավորություն լինի այդ մասին խոսել, ես անպայման տեղյակ կպահեմ»:

Իր պաշտպանյալը, ըստ Թումանյանի, գործի վերաբերյալ որևէ դիրքորոշում քննչական մարմնին այս պահին չի հայտնել: «Իսկ պաշտպանին հայտնած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն», - շեշտեց փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG