Մատչելիության հղումներ

Ազատամարտիկը «շինծու է» համարում իր դեմ մեղադրանքը


Ղարաբաղյան պատերազմի վետերան, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյան
Ղարաբաղյան պատերազմի վետերան, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյան

Ոստիկանության լրատվության բաժնից հաստատում են, որ բողոք են ստացել ղարաբաղյան պատերազմի վետերան, «Ապարան» ջոկատի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ հանդիպումից հետո բռնության ենթարկված Ռազմիկ Պետրոսյանի դեմ։

Համաձայն բողոքի՝ Պետրոսյանը, ցանկանալով տիրանալ ուրիշի ունեցվածքին, զենքով ահաբեկել է ու մշտապես խնդիրներ է ստեղծում իր համար։ Ազատամարտիկն այս մեղադրանքը շինծու է համարում։

«Բնական է, այս ամեն ինչի միջով պիտի անցնենք: Ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում», - ասում է նա:

Պետրոսյանը այս բողոքի մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից, թերթերից մեկն է գրել, որ խմբագրություն այցելած Ռաֆայել Մխիթարյանը բողոքել է, թե Ռազմիկ Պետրոսյանը «ցանկանում է տիրանալ իր գազալցակայանին և մշտապես իր համար խնդիրներ է ստեղծել»։ Մխիթարյանը դիմել է ոստիկանություն, որտեղ այժմ Պետրոսյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Ազատամարտիկը «Ազատության» հետ զրույցում չցանկացավ պատասխանել հարցին, թե ճանաչում է՞ արդյոք ոստիկանություն դիմած երիտասարդին ու ի՞նչ առնչություն է ունեցել նրա հետ:

«Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, ամեն ինչ օրենքի շրջանակներում է: Ամեն ինչը հստակ փաստաթղթերով կա, ես ամբողջ կյանքս ապրում եմ բացարձակապես ուրիշի համար անելով, ոչ թե ուրիշից խլելով, մանավանդ, երբ ինքը հայտարարում է, որ որպես զոհվածի տղա է հանդես գալիս», - նշեց ազատամարտիկը: Եթե բողոք կա թող ոստիկանությունը պարզի ինչն ինչոց է, ասում է Պետրոսյանը, ով հույս ունի, որ ոստիկանությունը կփորձի նաև հասկանալ, թե ով կամ ինչն է դրդել Ռաֆայել Մխիթարյանին դիմել իրավապահներին։

Թեև դեռևս հայտնի չէ՝ ինչ ընթացք կունենա բողոքը, քրեական գործ կհարուցվի, թե ոչ, իրավապահներն արդեն ահազանգում են՝ չի բացառվում, որ այս բողոքը կապված է Պետրոսյանի քաղաքական գործունեության հետ։ Պետրոսյանը 70 այլ ազատամարտիկ-հրամանատարների հետ անդամակցում էնորաստեղծ Ազատամարտիկների դաշինքին, որը հայտարարում է, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս այս գործը շինծու է որակում։

«Ռազմիկ Պետրոսյանը չի էլ հայհոյել, և ես դժվարանում եմ նույնիսկ նշել ավելի արժանապատիվ անձ, բարձր արժանապատվությամբ և համեստ անձ, քան Ռազմիկ Պետրոսյանն է: Կասկածից վեր է, որ սարքվում է գործը», - ասում է իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանը և նրա ընկեր, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը անցյալ շաբաթ ներքաշվել էին ծեծկռտուքի մեջ։ Միջադեպից հետո ազատամարտիկները հայտարարել էին, թե դեպքը տեղի է ունեցել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ խնջույքից հետո՝ ռեստորանի բակում։ Ավելի ուշ Ռազմիկ Պետրոսյանը «Ազատությանը» հայտնեց նաև, որփոխոստիկանապետը իր հետ հեռախոսազրույցում չի թաքցրել, որ միջադեպին մասնակցել են իր տղաները, որոնց թվացել է, թե Պետրոսյանը վիրավորական խոսքեր է հնչեցրել հանրապետության նախագահի հասցեին։

Իրավապաշտպանն ասում է՝ եթե գործ հարուցվի, կկրկնվի նույն սցենարը, որն օգտագործվեց մեկ այլ ազատամարտիկի՝ Վոլոդյա Ավետիսյանին մեկուսարան ուղարկելու համար։ Ավետիսյանը, հիշեցնենք, դատապարտվեց խարդախության ու խարդախության փորձի համար 6.5 տարվա ազատազրկման։

«Կարծում եմ, որ Սեյրան Օհանյանը չպետք է թույլ տա, որ իր մարտական ընկերները այսօր հայտնվեն ճաղերի հետևում», - ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG