Հայաստանի ոստիկանության լրատվության բաժնից հաստատում են այն տեղեկությունը, որ բողոք են ստացել ազատամարտիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի դեմ։
Ոստիկանությունը բողոքն արդեն ուղարկել է Քննչական կոմիտե, որտեղից մեզ հաղորդեցին, որ բողոքի մասին տեղյակ են մամուլի հրապարակումներից, բայց այն դեռ չեն ստացել։
Ռազմիկ Պետրոսյանի ընկեր, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Պետրոսյանը իրենց նախաձեռնության վարչության նիստին երեկ հայտարարել է, որ այդ բողոքի մասին մամուլից է տեղեկացել, և որ ոստիկանության դիմած անձի կողմից ներկայացված մեղադրանքները շինծու են։
Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների իրենց խմբագրություն այցելած Ռաֆայել Մխիթարյանը պատմել է, որ Ռազմիկ Պետրոսյանը «ցանկանում է տիրանալ իր գազալցակայանին և մշտապես իր համար խնդիրներ է ստեղծել»։ Շաբաթներ անց նա դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Ռազմիկ Պետրոսյանը զենքով ահաբեկում է իրեն։
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը ծեծի էին ենթարկվել անհայտ անձանց կողմից: Միջադեպից հետո ազատամարտիկները հայտարարել էին, թե դեպքը տեղի է ունեցել բարձրաստիճան ոստիկանի հետ կերուխումից րոպեներ անց՝ ռեստորանի բակում։ Երեկ էլ Ռազմիկ Պետրոսյանը հայտարարել էր, թե իր հետ հեռախոսազրույցում փոխոստիկանպետ Լևոն Երանոսյանը խոստովանել է, որ միջադեպին մասնակցել են իր տղաները։
Նանե Սահակյան