Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը դրական է գնահատում մարդու իրավունքների վիճակը, իրավապաշտպանները համաձայն չեն


Բարձրաստիճան յոթ պաշտոնյաների կլոր սեղանի հրավիրած օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր բավական դրական գնահատեց Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, այնքան դրական, որ լրագրողներն անգամ կատակեցին՝ արդյոք վիճակն այնքա՞ն է լավացել, որ այլևս օմբուդսմենի կարիք Հայաստանում չկա։

«Երաշխավորում եմ, որ առանց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դեռ շատ խնդիրներ կմնան չլուծված, միևնույն ժամանակ ուզում եմ ասել՝ 356 օր մենք ասում ենք վատը, այս տոնական օրը փորձեցինք առանձնացնել նաև լավը»,- ասաց Անդրեասյանը։

Իրավապաշտպանները, սակայն, օմբուդսմենի հետ համակարծիք չեն։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ ոչ միայն դրական միտում չկա, այլև վիճակն աղետալի է։ Բանակում արդեն 44-րդ մահվան դեպքն է գրանցվել, արձանագրում է Ալեքսանյանը, և այնպիսի տպավորություն է, թե ոստիկանությունն ու դատական համակարգը բացարձակապես չեն գործում։

«Այս իրավիճակով, մարդկանց նկատմամբ այս վերաբերմունքով, ես դեռ չեմ նշում սոցիալական պայմանները, որ այս իշխանությունը ստեղծել է ժողովրդի համար, մարդու իրավունքների վիճակը սոսկալի է։ Չիրականացվող արդարադատությունը այն հանգամանքն է, որի պատճառով մարդիկ կարող են լքել երկիրը և հեռանալ»,- ասում է իրավապաշտպանը։

«Իրավունքները խախտվել են անգամ այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը»,- ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Դեռ խորհրդային տարիներից պայքարող այլախոհը դժվարանում է դրական որևէ օրինակ նշել, փոխարենը, մի ամբողջ շարք է թվարկում իրավունքների ոտնահարման մասին.- «Այսօրվա բռնությունները հասարակական կամ քաղաքական գործիչների նկատմամբ... ես նկատի ունեմ Սուրիկի ծեծի դեպքը, ես նկատի ունեմ երեկվա դեպքը, Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարությունը։ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի, 14- ամյա պատանու նկատմամբ կայացված դատավճիռը, որ պետք է առանձնացվի դատավարությունից և միշտ շեշտվի առանձին, որովհետև դա աներևակայելի դեպք էր։ Վոլոդյա Ավետիսյանի դեպքը։ Հարկավոր է նաև առանձնացել և առանձին շեշտել անպաշտպան և հասարակությանը անհայտ քաղաքացու դեպքերը։ Նրա անունը չի հնչում։ Նա եթերներում չի լինում, նա հարթակներում չի լինում»։

Ըստ իրավապաշտպանի՝ սխալ է, երբ վիճակը համեմատում են 2008-ի հետ ու ասում, թե այժմ քաղբանտարկյալներն ավելի քիչ են։ Անգամ մեկ քաղբանտարկյալի առկայությունը ցույց է տալիս, որ մարդու իրավունքները Հայաստանում խախտվում են։

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ մարդու իրավունքների խախտման ամենաակնառու օրինակ է համարում Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը։

«Առաջին հայացքից կթվա, թե ինչ կապ ունի մարդու իրավունքների հետ, բայց շատ մեծ կապ ունի, որովհետև Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելով Հայաստանի իշխանությունները ցույց տվեցին, որ նրանց համար զրո արժեք է ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, որովհետև մարզպետը տարիների ընթացքում իր քաջագործություններով հայտնի է եղել»,- ասաց Իշխանյանը։

«Սա Հայաստանի իշխանության դեմքն է։ Սա տիպիկ այն օրինակն է, որով առաջնորդվում է Հայաստանի իշխանությունը։ Այսինքն հանցագործը կարող է զբաղեցնել մարզպետի պաշտոնը»,- հավելում է Ժաննա Ալեքսանյանը։ ։

Արդեն արձանագրած խախտումներին իրավապաշտպանները ավելացնում են նաև մեկ մտահոգիչ հանգամանք՝ Արդարադատության նախարարության կայքում հրապարակվել է հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքի նախագիծ, որով ըստ Իշխանյանի՝ փորձ է արվելու վերջնականապես լռեցնել ընդդիմախոսների ձայնը։

Շուրջ երկու տարի քննարկումներ էին գնում հասարակական կազմակերպությունների մասին հայեցակարգի շուրջ։ Հայեցակարգը դրվեց մի կողմ և ներկայացվեց օրենքի նախագիծ, որով ենթադրվում է, որ հասարակական կազմակերպությունը պարտավոր է իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն հրապարակել, նաև կատարել պարտադիր աուդիտ, եթե ֆինանսական շրջանառությունը գերազանցում է 10 միլիոն դրամը։

«Ես սա կապում եմ ԵՏՄ-ի անդամակցության հետ, որովհետև այդ նախագծով, եթե այն դառնա օրենք, ապա ՀԿ-ների ինքնավարությունը, ինքնուրույնությունը լրիվ դրվում է հարցականի տակ և լինում է իշխանության բիրտ միջամտություն ՀԿ-ների գործունեությանը»,- ասաց Իշխանյանը։

XS
SM
MD
LG