Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը


Հոնկոնգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում՝ ցրելու հանուն ժողովրդավարության փողոց դուրս եկած ցուցարարներին, սեպտեմբեր, 2014թ․
Հոնկոնգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում՝ ցրելու հանուն ժողովրդավարության փողոց դուրս եկած ցուցարարներին, սեպտեմբեր, 2014թ․

Որոշ դիտորդներ 2014 թվականը համարում են սարսափելի տարի մարդուն իրավունքների ոտնահարման առումով։

Դեկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը։ Շատ դիտորդներ 2014 թվականը բնութագրում են որպես սարսափելի տարի մարդու իրավունքների խախտման առումով։

Պատերազմը չարաշահումների ամենամեծ աղբյուրն է ամբողջ աշխարհում։ Ոմանց կարծիքով, աշխարհի տարբեր շրջաններում չլուծված շատ հակամարտություններ սաստկացել են վերջին 12 ամիսներին։

Սիրիայի քաղաքացիական պատերազմը խլել է հարյուր հազարավոր կյանքեր ու տեղահանել միլիոնավոր մարդկանց։ Հակամարտությունը ճյուղավորվելով տարածվել է հարևան Իրաք։

«Միջազգային ներում» (Amnesty International) կազմակերպությունից Սթիվ Քրոշոյի կարծիքով՝ միջազգային համայնքը պետք է որոշ պատասխանատվություն ստանձնի Սիրիայում, Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։

«Սիրիայի հակամարտությունը լուծման կարիք ունի, և անհրաժեշտ է բարձրաձայնել ու ճնշում բանեցնել մարդու իրավունքներն ավելի լավ պաշտպանելու համար», - ասել է նա։

«Պայթուցիկ տակառները, որոնք Սիրիայի կառավարության ուժերը նետում են ուղղաթիռներից, սպանել են հազարավոր քաղաքացիների։ Սիրիայի դաշնակից Ռուսաստանը պետք է այդ գործողությունները դատապարտի», - ասել է «Մարդու իրավունքների հսկում» (Human Rights Watch) կազմակերպության տնօրեն Քենեթ Ռոթը։

Մոսկվան Արևելյան Ուկրաինայում հակամարտություն է հրահրում՝ աջակցություն տրամադրելով անջատողական ուժերին, այդ հակամարտության արդյունքում սպանվել է ավելի քան 4 հազար 300 մարդ, գրանցվել են առևանգումների և խոշտանգումների բազմաթիվ դեպքեր։

«Կարծում եմ, որ այս ամենը քաղաքական անապահովության արդյունք է, ինչը կսաստկանա Ռուսաստանի տնտեսության վատթարացման հետևանքով՝ մինչ Պուտինը արկածախնդրություններ է որոնում Ուկրաինայում», - ասել է Քենեթ Ռոթը։

Նրա կարծիքով՝ Մոսկվայի մեկուսացումը հանգեցրել է այլախոհության դեմ ճնշումների ահագնացմանը։

Չինաստանը հետընթաց է արձանագրել և մեղադրվում է ժողովրդավարամետ ցուցարարներին Հոնկոնգում ճնշելու համար։

«Չինաստանը սահմանափակում է խոսքի և հավաքների ազատության ամենահիմնական իրավունքները», - ասել է Սթիվ Քրոշոն։

Իսլամիստ զինյալները մարդու իրավունքների լուրջ խախտումներ են գործում Աֆրիկայում։ Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբի ոճրագործությունները աճում են, իսկ Նիգերիայի կառավարության ուժերը մեղադրվում են խոշտանգումների և այլ դաժանությունների մեջ։

Եգիպտոսում, իրավապաշտպանները հուսով են, որ «Արաբական գարնան» ցուցարարները հանդարտվել են։

«Միջազգային ներում» կազմակերպությունը հայտարարել է նաև աշխարհում գրանցված երկու ձեռքբերումների մասին։

«Շրի Լանկայում միջազգային հետաքննություն է կատարվում 2009 թվականի սարսափելի սպանությունների շուրջ, իսկ ՄԱԿ-ում քննարկվում է զենքի վաճառքի պայմանագիրը, ինչի համար մենք պայքարել ենք շուրջ 20 տարի», - ասել է Սթիվ Քրոշոն։

Ընդհանուր առմամբ, սակայն, 2014 թվականը մարդու իրավունքների առումով ճնշող մասշտաբով չարաշահումների տարի է աշխարհի շատ մասերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG