Այսօր՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի կազմակերպած կլոր սեղանին ներկա էր նաև Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, ով սեպտեմբերի 25-ին տեսախցիկների առջև արգելեց իր շուկայի առևտրականներին մասնակցել հարկային փոփոխությունների դեմ բողոքի ակցիաներին:
Այս ամենից հետո Ոստիկանությունը որոշեց քրեական գործ չհարուցել:
Այսօր Ոսկու շուկայի սեփականատիրոջից հետաքրքրվեցինք, թե այնուամենայնիվ, ինչո՞ւ էր որոշել խոչընդոտել մարդկանց մասնակցությունը բողոքի ակցիաներին:
«Էլի էդ խոչընդոտը չեք մոռացե՞լ: Ո՞նց կարող եմ խոչընդոտել: Մարդիկ աշխատում են, իրանց հարկեն են տալիս, մենք էլ մեր հարկերն ենք տալիս, բոլորը աշխատում են: Վիճակը հիմա շատ վատ ա, առևտուր չկա, դոլարի տատանումները շատ փիս խանգարեց: Հիմա տեսնենք՝ ինչ կլինի: Կառավարությունը ամեն միջոց ձեռնարկում ա, որ կարգավորվի, իսկ քաշքշոց․․․ Բոլոր ընտանիքներում կազմակերպություններ լինում են․․․ Իմ գույքը տեղաշարժել եմ, ի՞նչ քաշքշոց: Իհարկե չեմ հանել, բոլոր շարունակում են աշխատել, մեզ մոտ ազատ տեղեր չկա, մենք ուզում ենք տարածքներ էլի ստեղծել, որ մարդկանց աշխատացնենք», - ասացՎաղարշ Աբրահամյանը:
Հարցին թե որևէ մեկին չի պատժել ցույցերին մասնակցելու համար, Աբրահամյանն արձագանքեց․ - «Ես էլ եմ մասնակցում ցույցերին, եթե պետք ա, ես էլ եմ մասնակցում: Ո՞նց կարելի ա պատժել, ո՞նց կարելի է էդքան լկտի լինել»:
Դիտարկմանը, թե ինչպես կարձագանքի այն պնդումներին, որ ինքը անպատիժ մնաց, որովհետև աջակցում է իշխանություններին, Աբրահամյանը պատասխանեց․- «Նախ՝ ես չէի ճնշում, երկրորդը՝ ես օրինական դաշտում եմ աշխատում, դրա համար էլ ես մի քիչ ըմբոստ եմ: Ես ոչ թե ըմբոստ եմ, որ ինձ պաշտպանում են իշխանությունները, այլ ես իշխանամետ եմ, ոչ մի կուսակցության չեմ հարում: Բա մարդը պարտադիր ա, որ իշխանամետ չլինի՞ , կարա և իշխանամետ էլ լինի չէ՞»:
Ոսկու շուկայի սեփականատերը հավելեց, որ իր բիզնեսը «կտրուկ կզարգանա» Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո և «ուղղակի հիանալի» գնահատեց կառավարության որոշումները՝ ուղղված բիզնեսի զարգացմանը: