Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանը ոսկու շուկայում տեղի ունեցածը «հանցագործություն» է որակում


Իրավապաշտպանը ոսկու շուկայում տեղի ունեցածը «հանցագործություն» է որակում
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00

Ոսկու շուկայի սեփականատիրոջ՝ Վաղարշ Աբրահամյանի արարքը հանցագործություն է, ու իրավական ցանկացած երկրում իրավապահ մարմինները անմիջապես կարձագանքեին: Այսօր «Ազատության» հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Վաղարշ և որդիներ» ընկերության սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի երեկվա պահվածքին:

Երեկ բազմաթիվ առևտրակականներ՝ այդ թվում ոսկու շուկայի, հավաքվել էին Կառավարության շենքի առջև՝ բողոքելու հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հարկային փոփոխություններից: Այս հանգամանքը վրդովվեցրել էր Վաղարշ Աբրահամյանին, ով իր օգնականների հետ միասին ոսկու շուկայում կոպիտ կերպով հրահանգել էր հանել բոլոր այն առևտրականների սեղանիկները, ովքեր համարձակվել են պայքարել իրենց իրավունքների համար:

«Լուսամուտից շպրտեք դուրս [սեղանները], պոկեք, կտոր-կտոր արեք տարեք, քաշեք», - երեկ ահա այսպիսի հրահանգներ էր տալիս ոսկու շուկայի սեփականատերը ՝ «Ժողովուրդ» պարբերականի (Armlur.am) տեսախցիկի առջև։

Նա նաև ասել էր, թե հրահանգել է ոսկու շուկայի առևտրականներին չմասնակցել բողոքի ակցիանեերին։

«Ճիշտ եմ արել և էլի պետք է շարունակեմ», - լրագրողի հետ զրույցում ասել էր Աբրահամյանը։

Հայաստանի Սահմանադրության 29-րդ հոդվածն ասում է՝ «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք»:

Այս ամենի ֆոնին, թերևս, էլ ավելի ուշագրավ են դառնում հայաստանյան իրավապահ համակարգի տարբեր կառույցների ղեկավարների ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարությունները, թե իրենք օրնիբուն աշխատում են, որպեսզի Սահմանադրության դրույթները հանկարծ չախախտվեն:

Սակայն սա էլ ամբողջը չէ, երեկ iLur.am-ի թղթակցի հարցին՝ իրականությո՞ւն են շուկայի աշխատողների այն պնդումները, թե երեկ այստեղ սեղաններ են ջարդվել, Աբրահամյանը պատասխանեց.- «Այո՛, լավ եմ արել, որովհետև անշնորհք ժողովուրդ են, իրենք իրենց բիզնեսի մասին մտածում են, իմ բիզնեսին խանգարում են»։

Այսօր «Ազատության»-ը Ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից ընդամենը փոխանցեցին՝ «չկա հաղորդում քաղաքացիների կողմից»:

Մեր այն դիտարկմանը՝ բայց չէ՞ որ կան հրապարակված տեսանյութեր, հնչեց ճիշտ նույն պատասխանը:

Եթե Ոստիկանությունից գոնե այսքանը պատասխանեցին, Գլխավոր դատախազությունից այսօր ընդհանրապես արձագանք չեղավ՝ չնայած «Ազատության» գրավոր հարցմանը:

«Եթե Սուրիկ Խաչատրյանը հայտնի դեպքերից հետո պետք է նշանակվի մարզպետ, եթե հայաստանյան ամենավերին քաղաքական իշխանության կողմից պետք է հովանավորվի քրեականությունը, հանցագործությունը և հանցագործները առանձին - առանձին, էդ դեպքում էդ շուկայի տերը պետք է դրսևորի նման վարք։ Հայաստանում միայն էդ վարքն է խրախուսվում այսօր, Հայաստանում այլ վարքի տեր գործարարը հարյուր տոկոսով պարտված է լինելու, հարյուր տոկոսով զրկվելու է բիզնեսից», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ հավելելով.- «Իրավապահները պարտավոր են արձագանքել: Չեն արձագանքում, որովհետև զբաղված են ոչ թե օրենքները պաշտպանելով, այլ իշխանությունների շահերը սպասարկելով»:

Այն, որ իրավապահները՝ Ոստիկանությունը, Դատախազությունը, պարտավոր էին արձագանքել այսօր «Ազատությանը» փոխանցեց նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

«Ըստ օրենսդրության՝ քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսանում նաև ԶԼՄ-ներում ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը, և առնվազն պետք է իրավապահ մարմինների կողմից քայլեր ձեռնարկվեն ուսումնասիրելու՝ արդյո՞ք այդ արարքի մեջ պարունակվում են քրեական հանցագործության հատկանիշներ», - ասաց մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը։

Նա «քրեորեն պատժելի արարք» որակեց երեկ ոսկու շուկայում տեղի ունեցածը։

«Երբ վաճառականները գտնվում էին Կառավարության շենքի առաջ և իրենց խաղաղ հավաքն էին անցկացնում, իրենց բողոքի ձայն էին արտահայտում, այդ նույն ժամանակ ԶԼՄ-ներով տարածվում է տեսանյութ, որտեղ անձը, որը ներկայացվում է ինչպես ոսկու շուկայի սեփականատեր, ասում է, որ նա խոսել է, համոզել է, հորդորել է վաճառականներին, որ դուրս չգան փողոց՝ ցույցի, բայց նրանք չեն ենթարկվել, և հետո ավելացնում է, որ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, որը ենթադրում է՝ պատժիչ բնույթ ունեն։ Պետք է ասել, որ եթե քաղաքացիները դուրս են եկել խաղաղ, օրինական իրենց հավաքն անցկացնելու, և դա խոչընդոտվում է մեկ այլ անձի կողմից, ապա դա քրեորեն պատժելի արարք է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

XS
SM
MD
LG