Մատչելիության հղումներ

Հեղինակավոր իրավապաշտպանները դատապարտում են Իսմայիլովայի կալանքի որոշումը


Իրավապահները ժամանել են խուզարկելու Խադիջա Իսմայիլովայի բնակարանը, 6-ը դեկտեմբերի, 2014թ.
Իրավապահները ժամանել են խուզարկելու Խադիջա Իսմայիլովայի բնակարանը, 6-ը դեկտեմբերի, 2014թ.

Միջազգային հեղինակավոր կազմակերպություններն Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատել իր հետաքննական հոդվածներով հայտնի լրագրողին։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի կալանքի երեկվա որոշումից հետո Ադրբեջանի դատախազությունը շարունակում է ճնշումները լրագրողի և նրա մերձավորների նկատմամբ:

Այսօր ցերեկը բավականին լարված իրավիճակ սկսվեց նաև լրագրողի բնակարանում: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, դատախազությունից մեկ միկրոավտոբուսով և մեկ մեքենայով ավելի քան 15 դատախազ է գնացել Իսմայիլովայի տունը խուզարկելու:

Վիճաբանություն է սկսվել դատախազների և լրագրողի հարազատների միջև: Երկար բանավեճերից հետո դատախազներն ի վերջո խուզարկությանը թույլատրել են մասնակցել միայն Իսմայիլովայի մորը:

Ադրբեջանցի հայտնի լրագրողին ուրբաթ օրը երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց Բաքվի դատարանը՝ զրպարտության մեղադրանքով: Ադրբեջանական իշխանությունները լրագրողի նկատմամբ հետևողական հետապնդումներն իրավական հարթությունում փորձում են հիմնավորել՝ նրա անվան հետ կապելով նաև Թուրալ Մուստաֆաևի ինքնասպանության փորձը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, քննիչը դատարանում պնդել է, թե լրագրողը զրպարտել է ավելի վաղ ընդդիմադիր դաշտում հանդես եկած, որպես Թյուրքօղլու հայտնի քաղաքական գործիչ Էլման Հասանովին: Մինչդեռ Խադիջա Իսմայիլովան մեղադրանքները համարում է շինծու և որպես հակափաստարկ նշում է, որ իր հեղինակած հոդվածներում Թյուրքօղլու անունն ընդհանրապես չի վկայակոչել:

Իսմայիլովան Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բազմաթիվ բիզնեսների վերաբերյալ մի շարք հետաքննական հոդվածների հեղինակ է։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքում տեղադրված տեսանյութում երևում է, որ երբ նրան դատարանից ոստիկանական մեքենայով տեղափոխում էին ժամանակավոր պահման մեկուսարան, նա կալանքի որոշումն ընդունում է ժպիտով: Գործընկերներն ընդամենը մի քանի վայրկյան են ունեցել քաջալերելու կալանավորված Իսմայիլովային։

Այսօր առավոտյան արդեն լրագրողին տեղափոխել են կալանավայր:

«Վերջին կաթիլը»

Amnesty International հեղինակավոր կազմակերպությունը Իսմայիլովայի կալանքը որակել է որպես ազատ մամուլի վրա կոպիտ հարձակման դրսևորում:

«Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի անկախ վերջին ձայներից մեկն է: Նրա կալանքը դարձավ լռեցնելու վերջին միջոցը»,- հայտարարել է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ջոն Դոլուսենը:

«Ինքնասպանության հասցնելու մեղադրանքը բռի է և ծիծաղելի, մինչդեռ նրան սպառնում է 3-7 տարվա ազատազրկում»,- նշված է միջազգային իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրության մեջ:

Human Rights Watch-ը նույնպես Իսմայիլովայի կալանքը որակել է որպես «կոպիտ հարված՝ ուղղված երկրի քննադատական խոսքին»:

«Ադրբեջանի իշխանությունները կենտրոնացնում են ուժերն իր հասցեին հնչող քննադատությունը ճնշելու համար»,- հայտարարել է Human Rights Watch-ի ղեկավար Գրիգորի Գոգիան:

Գոգիան հիշեցրել է, որ տևական ժամանակ միջազգային ազդեցիկ կառույցներն Ադրբեջանին կոչ էին անում դադարեցնել լրագրողների, հրապարակախոսների, իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումները՝ պահանջելով ավելի քան 50 անձանց ազատել շինծու մեղադրանքներով կալանքից:

«Մինչդեռ իշխանություններն ի պատասխան կալանավորեցին Իսմայիլովային, և դա պետք է դառնա վերջին կաթիլը: Արևմտյան գործընկերները պետք է Ադրբեջանի իշխանություններին հստակ ասեն՝ մինչդեռ նրանք չազատվեն, նախկին կապերն ու հարաբերությունները չեն լինի»,- հայտարարել է Human Rights Watch-ի ղեկավարը։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը ևս պահանջում է անհապաղ ազատել Իսմայիլովային՝ հիշեցնելով, որ նրա անունը ներառված է խոսքի ազատության համար պայքարող աշխարհի 100 անձանց շարքում:

«Մենք զարմացած ենք նրա դեմ կեղծ մեղադրանքներից: Խադիջայի դեմ զրպարտչական արշավը սկսվեց երկու տարի առաջ և հասավ գագաթնակետին»,- նշված է հայտարարության մեջ:

Ադրբեջանում կոռուպցիայի փաստերը հետաքննող հեղինակավոր լրագրողի կալանքն, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, ցույց է տալիս, որ իշխանությունները մտադիր են խեղդել բոլոր նրանց, որոնք բացահայտում են ապօրինությունները:

Ավելի վաղ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեիջն էր դատապարտել Խադիջա Իսմայիլովային կալանավորելու որոշումը։

Նենադ Փեիջը Իսմայիլովայի կալանքը որակում է որպես արդեն երկու տարի շարունակվող արշավի շրջանակներում լրագրողին լռեցնելու ամենաթարմ փորձը։

«Նրա դեմ առաջադրված մեղադրանքները զայրացնող են։ Խադիջան պատժվում է իր լրագրողական աշխատանքի համար»,- պնդում է «Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիրը:

«Իսմայիլովայի կալանավորումը ոչ այլ ինչ է, քան բեմադրված ահաբեկություն, որը ազատ և քննադատական խոսքը լռեցնելու արշավի մաս է կազմում»,- հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ մամուլի ազատությանը վնասող այս գործելակերպին։

XS
SM
MD
LG