Ադրբեջանը պատմության մեջ կմնա որպես պետություն, որը 47 անդամ ունեցող Եվրոպայի խորհրդի նախագահության ժամանակահատվածում աննախադեպ հետապնդում է իրականացնում իրավապաշտպանների նկատմամբ, ամփոփելով հոկտեմբերին Ադրբեջան կատարած իր այցը՝ գնահատել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:
«Իմ բոլոր գործընկերներն Ադրբեջանի բանտում են. Սրտամաշ իրադարձություն էր Բաքվում նախնական կալանքի տակ գտնվող Լեյլա Յունուսին այցելելը»,- ասել է Մուժնիեկսը և նկարագրել ադրբեջանական բանտում գտնվող իրավապաշտպանների, լրագրողների, մտավորականների և ակտիվ քաղաքացիների նկատմամբ պետական վերաբերմունքը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հատուկ անդրադարձ է կատարել Լեյլա և Արիֆ Յունուսներին:
«Յունուսներ զույգը տարածաշրջանի ամենաքաջ իրավապաշտպաններից են, որոնք պատերազմից հետո ձգտում էին հասնել Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը»,- նշել է Մուժնիեկսը։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, ի մի բերելով հոկտեմբերին Ադրբեջան կատարած այցի մանրամասները, արձանագրել է, որ Լեյլա Յունուսի հետ բանտում տեսակցության 30 րոպեներին վերջինս անընդմեջ արտասվում էր: Նա, ըստ հանձնակատարի, տառապում է շաքարախտով, հեպատիտ С-ով, երիկամների խնդիրներ ունի:
Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական խնդիրների մասին շարունակում է բարձրաձայնել նրա փաստաբան Էլչին Ղամբարովը:
Դավաճանության մեղադրանքով արդեն մոտ 4 ամիս կալանավորված Լեյլա Յունուսի փաստաբանը հայտարարել է, որ իրավապաշտպանն անհապաղ բուժօգնության կարիք ունի, բժիշկը բանտում արձանագրել է, որ Յունուսը տառապում է շաքարային դիաբետով, արյան զարկերակային ճնշման խնդիրը ևս անհանգստացնում է նրան:
58-ամյա Լեյլա Յունուսը, ըստ նրա փաստաբանի, բանտային պայմաններում հյուծվել է, քաշը նվազել է 10 կիլոգրամով, հայտնել է փաստաբանը: Լեյլա Յունուսի ամուսինը՝ 59-ամյա Արիֆ Յունուսը ևս կալանավորված է դավաճանության մեղադրանքով:
Կովկասի հետազոտական կենտրոնի նախկին տնօրեն, փորձագետ Հանս Հուտբրոտը Գերմանիայից Արիֆ և Լեյլա Յունուսներին հասցեագրված նամակում գրում է.- «Մենք երբեք չենք հանդիպել…, այս նամակը գրում եմ, որ հայտնեմ, թե որքան է հուսադրում ձեր կատարած աշխատանքը: Դուք միշտ հանդես եք եկել քաղաքականության դիրքերից, այդպիսի վերաբերմունքը միշտ չէ, որ դուր է գալիս, իսկ երբեմն թվում է վտանգավոր»։
Փորձագետը հիշում է, որ աքսորյալներից մեկի հուշերում կարդացել է՝ բանտարկյալները տարածությունը փոխանակում են ժամանակի հետ.- «Բանտախցում ձեր տարածությունը քիչ է, իսկ ժամանակը՝ շատ: Ես հավատում եմ, որ ժամանակը միշտ նրանց հետ է, որոնք պայքարում են հանուն մաքուր աշխարհի և որոնք դա ավելին են գնահատում, քան փողը և իշխանությունը»։