Հայաստանի կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը, այսօր հայտարարել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«Հայաստանի դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին», - հայտարարել է Կենտրոնական բանկը՝ հավելելով, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում:
Հիշեցնենք, վերջին օրերին արձանագրվում է դրամի շարունակական արժեզրկում դոլարի նկատմամբ։ Այսօր տարադրամի փոխանակման կետերում ամերիկյան 1 դոլարը վաճառվել է 430-433 դրամով։