Հայաստանի կառավարությունը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվելու՝ միավորվելու են Տարածքային կառավարման ու Արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև ստեղծվելու է նոր նախարարություն՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների:
Գործադիրի այսօրվա նիստի սկզբում կառուցվածքային այսպիսի փոփոխությունների առաջարկությամբ հանդես եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հավանություն տվեց առաջարկին, ընդունեց նախագիծ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու վերաբերյալ, այդ նախագիծը ճանաչեց անհետաձգելի և ուղարկեց Ազգային ժողով:
Գործադիրի նիստում որևէ խոսք չեղավ նոր փոխվարչապետի մասին: Չնայած մամուլում շրջանառվող տեղեկությանը, որ փոխվարչապետի պաշտոնին հավակնում են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, բայց երեք շաբաթ առաջ այդ ու տարածքային կառավարման նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արմեն Գևորգյանի աթոռը շարունակում է թափուր մնալ:
Թե ո՞վ է գլխավորելու տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր պարզ չդարձավ: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողներին փոխանցեց, որ իր համար անակնկալ էլ երկու նախարարությունները միացնելու որոշումը:
«Ես տեղյակ չեմ [ով կղեկավարի նոր նախարարությունը], դա նախագահը և վարչապետը կորոշեն։ Ես տեղյակ չեմ եղել [նախարարությունների միացման մասին]։ Եթե մեզ կհանձնարարեն, ուրեմն կղեկավարենք, եթե ոչ, ուրեմն՝ ոչ»,- ասաց Երիցյանը։
Հարցին, թե որքանո՞վ են համատեղելի երկու նախարարությունները, նախկին ՕԵԿ-ական նախարարը պատասխանեց.- «Ես կարծում եմ, որ համատեղելի են, որովհետև արտակարգ իրավիճակների նախարարությունը իր գործառույթները կատարում է, միացումից հետո արդեն համատեղ աշխատանքներ էլ կկատարվեն։ Հիմնականում փրկարարները աշխատում են մարզերում, Հիդրոմետ, Սեյսմիկ ծառայությունները մշտապես համագործակցում են»։
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը զբաղվելու է ԵՏՄ-ով ու ԵՄ-ով
Հանրապետականի փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին տեղեկացրեց, թե ինչ հարցերով է զբաղվելու Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը:
«Նոր ստեղծվելիք նախարարությունը իր առաջնային պատասխանատվության, պարտականության դաշտում կպահի Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ կապված գործառույթները։ Կարծում եմ, նաև նոր նախարարությունը կզբաղվի Հայաստան-Եվրամիություն համագործակցության, նոր օրակարգի մշակման, հատկապես տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ նոր որակի և նոր տեսակի հարաբերությունների իրականացմամբ»,- ասաց Աշոտյանը։
Պաշտոնական հաստատում դեռ չկա, սակայն շրջանառվող տեղեկության համաձայն, նոր նախարարությունը ղեկավարելու է վարչապետի գլխավոր խորհրդական, ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Հնարավո՞ր է Էկոնոմիկայի նախարարությունը ընդգրկվի Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կազմում»,- դիմեցինք Աշոտյանին:
«Որքանո՞վ է ճիշտ, որ ես նման հարցերի պատասխանեմ։ Իմ մանդատը չէ դա»,- պատասխանեց նախարարը։
Վերջում նշենք, որ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լուռ դուրս եկավ կառավարության շենքից՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը: