Մատչելիության հղումներ

Փոխվարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել


Փոխվարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00

17 տարի պետական համակարգում աշխատած, վարչապետի օգնականից Տարածքային կառավարման նախարար ու փոխվարչապետ դարձած Արմեն Գևորգյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

«Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար և ցանկություն ունի մասնավոր սեկտորում իր աշխատանքը շարունակի, հետագայում նույնպես կհամագործակցի մեր կառավարության հետ: Ուզում եմ շնորհակալությունը հայտնել պարոն Գևորգյանին համատեղ աշխատանքի համար և պարոն Գևորգյանին ցանկանում եմ հաջողություններ», - Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Անչափ զգացված եմ ըմբռնումով մոտենալու [համար] իմ այդ որոշմանը», - արձագանքեց Գևորգյանը` շարունակելով. - «Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, բոլոր ընկերներին, միջազգային կազմակերպություններին, Հանրապետության նախագահին այս տարիների աշխատանքը վստահելու համար: Իրոք մեծ բավարարվածության զգացումով եմ հեռանում և հույս ունեմ, որ իմ գիտելիքները, ունակությունները նույնպես շարունակելու են ծառայել մեր ընդհանուր գործին»:

Սանկտ Պետերբուգի Պետական ծառայության ինստիտուտի շրջանավարտ, Տվենտեյի համալսարանի (Հոլանդիա) մագիստրոս Արմեն Գևորգյանի աշխատանքային կարիերան ծաղկում ապրեց Ռոբերտ Քոչարյանի օրոք: Վարչապետ Քոչարյանի օգնականից 24-ամյա Գևորգյանը դարձավ երկրի նախագահի օգնական ու աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, իսկ 2006-ից մինչև Քոչարյանի նախագահության երկրորդ ժամկետի ավարտը` Նախագահի աշխատակազմի ղեկավար: Այս ընթացքում մի քանի ամիս եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Չնայած Գեորգյանն իր կարիերայի պիկին հասավ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք` 2008-ից մինչև հրաժարականը Տարածքային կառավարման նախարարն էր ու փոխվարչապետը, նրա ազդեցության մասին հյուսված լեգենդներն ու կիսալեգենդար պատմությունները վերաբերում են Քոչարյանի նախագահության տարիներին: Անցած դարի 90-ակաների վերջին ու 2000-ականների սկզբին մամուլը նրան բնորոշում էր իբրև Քոչարյանի ամենավստահելի մարդը:

Այդուհանդերձ նրա ունեցվածքի մասին հայտարարագիրը շատ համեստ է՝ 2 բնակարան, 2 հողակտոր, 1 ավտոտնակ, 15 հազար դոլարից մի քիչ ավելի գումար:

Ե'վ կոալիցիոն, և' ՀՀԿ-ի ձևավորած կառավարություններում Գևորգյանը հաջողացրեց մնալ անկուսակցական: Չազատվեց, սակայն, Ռոբերտ Քոչարյանի ստվերից: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Գևորգյանի հեռացման պահը գուցե պատահական չի ընտրվել․ - «Ուզած թե չուզած՝ նա ասոցացվում էր նաև այս Կառավարությունում իր պաշտոնավարման ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հետ: Եվ այդ առումով նաև հրաժարականը հետաքրքրական է դիտվում ներկայիս ներքաղաքական պրոցեսներում, և փաստացի սրվում է իշխող համակարգի երկու թևերի (մի թևում «Բարգավաճ Հայաստան», մյուսում՝ ՀՀԿ) մրցակցությունը և հակադրությունը ներկայիս ներքաղաքական փուլում, որտեղ Ռոբերտ Քոչարյանի անունը և դերակատարումը ավելի ակտիվ է շոշափվում, հրաժարական է տալիս նրա համար բավական վստահելի անձանցից մեկը»:

Բադալյանը, սակայն, չբացառեց նաև «զուտ մարդկային պատճառը»․ - «Մարդը կարող է հոգնել, ձանձրանալ»:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը Արմեն Գևորգյանին «պրոֆեսիոնալ մասնագետ» է համարել:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը փոխանցմամբ՝ տեղեկությունը, թե Արմեն Գևորգյանը պատրաստվում է աշխատանքի անցնել երկրորդ նախագահի գրասենյակում, չի համապատասխանում իրականությանը:

Այս պահին, ըստ լուրերի, Գևորգյանը կոնկրետ աշխատատեղ չունի: Իր հրաժարականի պատճառները չի մեկնաբանում, անհայտ է՝ կվերադառնա՞ քաղաքականություն, թե՞ ոչ:

ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ) հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե հնարավոր է, որ Գևորգյանն աշխատանքի անցնի արտերկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG