Մատչելիության հղումներ

Առաջարկվող փոփոխությունը «կարող է բերել պետություն հանդեպ հավատի պակասի»


Երիտասարդ մայրերի և հղի կանանց բողոքի ցույցը Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց, հոկտեմբեր, 2014թ․
Երիտասարդ մայրերի և հղի կանանց բողոքի ցույցը Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց, հոկտեմբեր, 2014թ․

Փորձագետը չի բացառում, որ արդյունքում՝ բարձր աշխատավարձ ստացող կանայք իրենց ընտանիքի ապագան կառուցեն այլ երկրներում։

Եթե «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում» Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունները ընդունվեն, ապա դա մեծ ազդեցություն չի ունենա ծնելիության վրա, փոխարենը խիստ կնվազի աշխատող ծնողների վստահությունը պետության նկատմամբ: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։

«Աշխատող մայրերի պակասած գումարը չի լինի այնքան, որպեսզի նրանց ստիպի մտածել, որ գումարի պատճառով պետք չէ երկրորդ կամ երրորդ երեխան ունենալ։ Այստեղ կա մի այլ հանգամանք, որը ավելի շատ վերաբերմունքն է դեպի պետությանը և վստահությունը, որը կարող է նվազել։ Այ սա կարող է բերի այդ վստահության և հավատի պակասին դեպի պետությանը, դեպի այն, որ նրանք միայնակ չեն և աջակցություն կարող են ակնկալել։ Բայց սա շատ ավելի երկարաժամկետ և ավելի, վախենում եմ ասեմ, ավելի լուրջ ազդեցություն կարող է ունենալ, քան ֆինանսական կոմպոնենտն այս ամբողջ գործընթացի», - շեշտեց Հայրապետյանը։

Հիշեցնենք՝ ներկայումս աշխատող կինը 140 օր հղիության ընթացքում և երեխայի ծննդից հետո ստանում է միջին աշխատավարձն ամբողջությամբ: Ըստ Կառավարության հավանությանն արժանացած նախագծի՝ եթե մայրը մեկ տարուց պակաս է աշխատել, արձակուրդի ընթացքում կստանա իր միջին աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ 60 տոկոսը, իսկ 3 տարի և ավելի ստաժի դեպքում՝ 80 տոկոսը:

Կառավարությունն այս նախաձեռնությունը բացատրում է բյուջեի սղությամբ և պնդում է, թե կրճատելով աշխատող մայրերի գումարը՝ միջոցներ կտնտեսի ու 2016 թվականից արդեն գումարներ կվճարի նաև չաշխատող մայրերին։

Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնավորումներից մեկն այն է, թե մայրության արձակուրդի նպաստներից օգտվելու չարաշահման դեպքեր են եղել․ կանայք հղիանալուց հետո են գրանցվել աշխատանքի և այդպիսով փորձել են նպաստ ստանալ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի խոսքով՝ հատկապես բարձր աշխատավարձ ստացող կանայք սովորաբար ավելի որակյալ մասնագետներ են, և շատ հնարավոր է, որ պետության այս վերաբերմունքը ստիպի նրանց մտածել այլ երկրում իրենց ընտանիքի ապագան կառուցելու մասին:

«Այդ վստահության կորուստը և չհավատալը, որ պետությունը իրենց կողքին է՝ ապագա մայրերի, կարող է ունենալ տարբեր դրսևորումներ, և միգուցե նաև արտագաղթի տեսքով. աշխատող մայրերն ավելի բարձր որակի աշխատող են և ունեն կապեր, և հնարավոր է, որ այդ հավատը փորձեն գտնել այլ ափերում», - նշեց Հայրապետյանը։

Թեև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ասում են, որ տարեկան ընդամենը մոտ 13 հազար աշխատող կին է մայրանում, փոխարենը չաշխատողների թիվը, որոնց նախատեսում են նպաստ վճարել, մոտ երեք անգամ անգամ ավելի շատ է՝ շուրջ 30 հազար, այնուամենայնիվ, Գարիկ Հայրապետյանը համոզված է, որ 2016 թվականին խոստացվող միանվագ նպաստը՝ 275 հազար դրամը (մոտ 670 դոլար), չի կարող ստիպել չաշխատող մայրերին ավելի շատ երեխաներ ունենալ:

«Ինքը շատ մեծ ազդեցություն ժողովրդագրական տեսակետից չի ունենալու, որովհետև գումարն այդքան մեծ գումար չի, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ այդ հաջորդ երեխան ունենալու որոշման վրա։ Մոտավորապես 600, 700, 800 դոլարի սահմաններում գումար է նախատեսվում, որը կբավականացնի մի քանի ամիս երևի թե փամփերս գնելու հնարավորությանը ընդամենը, և դա դժվար թե ազդի այնպիսի լուրջ որոշման վրա, ինչպիսին հաջորդ երեխա ունենալն է», - ընդգծեց Հայրապետյանը։

XS
SM
MD
LG