Մատչելիության հղումներ

Կանայք կրկին բողոքեցին Կառավարության նախաձեռնած փոփոխության դեմ


Բողոքի ակցիա Կառավարության նախաձեռնած փոփոխության դեմ
please wait

No media source currently available

0:00 0:02:36 0:00

Ցուցարարները պնդում են՝ Կառավարարությունը «մեջքից հարվածում է ծննդաբերող կանանց»։

Այսօր Կառավարության նախաձեռնած փոփոխությունների դեմ պայքարող կանայք հերթական բողոքի ցույցն անցկացրեցին Ազգային ժողովի շենքի դիմաց՝ օրենսդիրից պահանջելով չընդունել Կառավարության հավանությանը արժանացած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Ըստ այս նախագծի՝ հաջորդ տարվանից աշխատող մայրերը ավելի քիչ գումար կստանան մայրության արձակուրդի ընթացքում:

Համաձայն նոր առաջարկությունների, եթե մայրը մեկ տարուց պակաս է աշխատել, արձակուրդի ընթացքում նա կստանա իր միջին աշխատավարձի ընդամենը 40 տոկոսը, 1-3 տարի ստաժի դեպքում՝ 60 տոկոսը, իսկ 3 տարի և ավելի ստաժի դեպքում՝ 80 տոկոսը: Այս ամենից բացի նաև վերին շեմ է սահմանվել՝ առաջին և երկրորդ երեխայի համար գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի յոթնապատիկը՝ 2 միլիոն 400 հազար դրամը, իսկ երրորդ և հաջորդ երեխայի համար՝ տասնապատիկը՝ 2 միլիոն 500 հազարը:

«Կարծում ենք, որ էս նախագիծն, ըստ էության, հարված է. մեջքից հարվածում են ծննդաբերող կանանց այն պահին, երբ պետությունը պետք է նրանց մեջքին կանգնած լինի։ Ընդհակառակը՝ պետությունը երես է թեքում նրանցից և դնում անելանելի ու դժվար կացության մեջ։ Եվ Հայաստանի Հանրապետությունում որևէ կերպ չեն խրախուսում, կարծես թե, աշխատող կանանց, ովքեր իրենց աշխատանքով, ըստ էության, թեթևացնում են սոցիալական բեռը բյուջեի ծախսերի տեսանկյունից, ովքեր ամեն ամիս 26 տոկոս եկամտային հարկ են վճարում՝ դրանով իսկ օգնում լցնել բյուջեն, կատարել բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Իսկ այս նախագծով, փաստորեն, ընդամենը կյանքում մի քանի անգամ՝ 140 օր, պետությունը գտնում է, որ արժանի չէ, որ փոխհատուցեն այդ 140 օրերի համար 100 տոկոսի չափով», - հայտարարեց ցուցարարներից Տաթև Դավթյանը։

Կառավարությունը այս նախաձեռնությունը բացատրում է բյուջեի սղությամբ և պնդում է, թե կրճատելով աշխատող մայրերի գումարը՝ միջոցներ կտնտեսի և 2016 թվականից արդեն գումարներ կվճարի նաև չաշխատող մայրերին։

Ազգային ժողովի մոտ հավաքված կանայք և նրանց սատարող տղամարդիկ, սակայն, ասացին, որ կողմ են, որպեսզի պետությունը վճարի չաշխատող մայրերին, բայց ոչ թե իրենց, այլ՝ պետբյուջեի ոչ արդյունավետ ծախսերը կրճատելով:

«Բողոքը կապված է նրա հետ, որ Կառավարությունը հենց ինքը իր միջոցներից պետք է դա անի, ոչ թե աշխատող կանանց հաշվին», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

«Թող ուրիշ տեղից, ուրիշ թերությունները շտկեն, էդ հաշվին գումարները խնայեն։ Հազար հատ բան կա, որ լսում ենք էս գումարը ստեղ գնաց...։ Բյուջեն որ նայեք, էնքան աբսուրդ գումարներ կա ծախսերի, որ հանգիստ կարան էդ գումարները չաշխատող կանանց տան», - ասաց մեկ այլ զրուցակից։

Ցուցարարների պնդմամբ՝ Կառավարությունն այս փոփոխություններն առաջարկելով խախտում է աշխատող կանանց իրավունքները։

«Մենք բոլոր քաղաքացիների անունից ոչ թե առաջարկում ենք, ո՛չ, մենք ոչ մի առաջարկ չենք անում, մենք պահանջում ենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որ օրենքի փոփոխություններ չկատարվեն և որ բոլոր կանայք, աշխատող կանայք, իրենց եկամուտի 100 տոկոսի չափով ստանան փոխհատուցում։ Սա է միակ արդարացի լուծումն այս հարցի», -ասված էր ցուցարարների հայտարարությունում։

Նշենք, որ նմանատիպ մի նախագծով Կառավարությունը հանդես էր եկել նաև 2010 թվականին, այն ժամանակ կանայք ցույցերի դուրս գալով հաջողության հասան: Այս անգամ ևս ասում են՝ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջը կատարվի:

«Մենք էստեղ կմնանք, կբողոքենք մինչև որ մեր ձայնը լսելի դառնա։ Եթե պետք լինի դրսում մնալ, դրսում էլ կմնանք, այդ փորձն ունեցել ենք չորս տարի առաջ, ցրտին էլ։ Մենք հետ չենք կանգնելու, որովհետև կարծում ենք՝ սա կարևոր է ու մեր իրավունքների խախտում է։ Ու այսօր կսպասենք լսումներին ու դրանից հետո արդեն ավելի հստակ կերևա մոտեցումները ոնց կլինեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը։

Օրինագծի շուրջ այսօր Ազգային ժողովի սոցիական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը առաջարկվող փոփոխությունները հիմնավորեց հատևյալ կերպ․ - «Եթե հանկարծ մենք պարզեինք, որ ծախսերը ավելանալով խթանում են ծնելիությունը, ավելացնում են ծնունդները և խրախուսում են ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, ապա հավատացաք եղեք՝ Կառավարությունը, Հանրապետական կուսակցությունը, այո, կգտներ միջոցներ, որպեսզի մենք ավելացնեինք այդ ծախսերը»:

Լսումների ներկա էին ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիները՝ հիմնականում կանայք: Նրանք ևս կիսում էին հղիների մտահոգությունը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային մի շարք խարտիաներ, որոնք ստորագրել է Հայաստանը, խրախուսում են մայրության արձակուրդի համար նպաստը 100 տոկոսի հասցնելը:

Նախարարության հիմնավորումներից մեկն էլ այն է, թե մայրության արձակուրդի նպաստներից օգտվելու չարաշահման դեպքեր են եղել․ կանայք հղիանալուց հետո են գրանցել աշխատանքի և այդպիսով փորձել են նպաստ ստանալ: ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանի համար տարօրինակ է՝ ինչո՞ւ է կառավարոթյունը վատ վարչարարության հետևքանով օրենք փոխում:

Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց, որ օրինագծում գուցե ներառված չեն լավագույն առաջարկները, սակայն հույս հայտնեց, որ նման քննարկումների միջոցով թերևս դրանց կհասնեն:

XS
SM
MD
LG