Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով՝ հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորման բանալին խաղաղ բանակցային ճանապարհն է։
«Որպես երկու երկրների [Հայաստանի և Ադրբեջանի] համար էլ բարեկամ և գործընկեր երկիր, մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի ունենա։ Երկու նախագահները հանդիպել են Փարիզում, և մենք ամեն ինչ անում ենք և քաջալերում ենք փոխհամաձայնությունը, որպեսզի հնարավոր դարձնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը։ Սա է մեր նպատակը՝ խաղաղ բանակցային կարգավորում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հեֆերնը երեկ երեկոյան ԱՄՆ-ի դեսպանատան կազմակերպած «Ներդաշնակություն մարդկությանը» խորագրով համերգից հետո։
Անդրադառնալով ԱՄՆ-ի դեսպանատան կազմակերպած միջոցառմանը, նշենք, որ Երևանի տիկնիկային թատրոնի բեմում ելույթ ունեցան The Beautified Project ռոք խումբը և Liberta լարային քառյակը։ Համերգը նվիրված էր ամերիկացի լրագրող Դենիել Փըրլի հիշատակին. լրագրողը ծայրահեղականների կողմից առևանգվել և սպանվել է 2002 թվականին Պակիստանի Կարաչի քաղաքում։
Այդ ողբերգությունից հետո լրագրողի բարեկամներն ու ընկերները որոշել են աշխարհի հարյուրից ավելի երկրներում ամենամյա համերգաշարերով հարգել նրա հիշատակը՝ հանրության ուշադրությունը սևեռելով այն վեհ արժեքների վրա, որ կրում էր լրագրողը, ու նաև այն սպառնալիքներին, որ այսօր ողջ աշխարհում ծառացած են լրագրողների առջև։
«Առաջին ուղերձը կարելի է կռահել թերևս խորագրից՝ «Ներդաշնակություն մարդկությանը», այն հաշտեցման, խաղաղության կոչ է պարունակում։ Երկրորդ ուղերձն անկախ լրագրության, անկախ մամուլի և անկախ լրագրողի կարևորությունն է, և սա շատ կարևոր ուղերձ է», - ասաց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը։