Երկուշաբթի Երևանի տիկնիկային թատրոնի բեմում Ամերիկյան դեսպանատան օժանդակությամբ The Beautified Project ռոք խումբը Liberta լարային քառյակի հետ իրենց համերգով կմիանան ամերիկացի լրագրող Դենիել Փըրլի հիշատակին նվիրված համաշխարհային երաժշտական օրերին։
13 տարի է անցել այն օրերից, երբ The Wall Street Journal պարբերականի լրագրող Դենիել Փըրլը Պակիստանի Կարաչի քաղաքում իր կյանքով վճարեց ազատ խոսքի համար, նա ծայրահեղականների կողմից առևանգվեց և սպանվեց։
Դենիել Փըրլի ընտանիքը և ընկերները 2002 թվականից ի վեր ամեն տարի հոկտեմբերը՝ Փըրլի ծննդյան ամիսը նվիրում են ողջ աշխարհում նրա հիշատակին նվիրված երաժշտության օրեր անցկացնելուն՝ հանուն ավելի մարդասեր աշխարհի:
The Beautified Project-ի հիմնադիր Անդրե Սիմոնյանը մեկնաբանում է համերգաշարի այս տարվա թեման՝ Harmony for Humanity` ներդաշնակություն հանուն մարդկության:
«Համերգի նպատակը ներդաշնակ ժողովուրդներ գաղափարը քարոզելն է, նաև խոսքի ազատությունը։ Harmony for Humanity-ն ինձ համար նշանակում է ապրել այնպես, որ կողքինիդ չես խանգարում և եթե կարող ես, նաև օգնում ես»,- ասաց Սիմոնյանը։
«Երաժշտությունը միջազգային լեզու է համարվում, մենք փորձում ենք այդ լեզվով ասել՝ լինենք մարդասեր և փորձենք խաղաղություն քարոզել»,- ասաց Liberta լարային քառյակի անդամ Ալիսա Դարբինյանը։
The Beautified Project-ի և Liberta լարային քառյակի համար սա ռոքն ու դասականը համեմելու և նոր հնչողություն ստանալու առաջին փորձն է, հույս ունեն կստացվի հետաքրքիր հնչողություն և լիովին կփոխանցի այս համերգի հիմնական ուղերձը, թե որքան կարևոր են մարդասիրությունն ու հանդուրժողականությունը։
Ամերիկյան դեսպանատան օժանդակությամբ Դենիել Փըրլի հիշատակին նվիրված երաժշտական օրերի ընթացքում աշխարհի 129 երկրներում 2002 թվականից սկսած կայացել են ավելի քան 11 հազար համերգներ։ Դրանց իրենց մասնակցությունն են բերել այնպիսի հանրաճանաչ երաժիշտներ, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Հերբի Հանքոքը, Փիթեր Գաբրիելը և շատ ուրիշներ։
Անդրե Սիմոնյանն ասում է՝ շատ ոգևորիչ է լինել այս մեծ շղթայի մի մասը.- «Ինձ համար շատ հաճելի էր, երբ տեսա, որ Անգլիայում Դանիել Փըրլի համերգին մասնակցել է Էլթոն Ջոնը։ Իսկապես հպարտություն զգացի իմ մեջ, որ մենք էլ Հայաստանի ներկայացուցիչներն ենք»։
Դենիել Փըրլի այս դաժան սպանությունից 13 տարի անց՝ տեսախցիկների առջև լրագրողների ցուցադրական սպանությունները այս տարի նոր թափով են վերսկսվել՝ այս անգամ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող ծայրահեղական կազմակերպության կողմից։ Անդրե Սիմոնյանն ընդգծում է՝ այս պայմաններում էլ ավելի կարևոր է դառնում հանդուրժողականության և մարդասիրության գաղափարները աշխարհին հասցնելը։