Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դիվերսանտները կանգնեցին Ղարաբաղի դատարանի առջև


Ադրբեջանցի դիվերսանտները կանգնեցին Ղարաբաղի դատարանի առջև
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00

Ղարաբաղի օրենսդրության համաձայն՝ ամբաստանյալներին տրամադրվել են պաշտպաններ։

Ստեփանակերտում այսօր մեկնարկեց հուլիսին 10-ին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը Քարվաճառի (Քելբաջար) ուղղությամբ ապօրինի հատած ադրբեջանցիների գործով դատական առաջին նիստը:

Անկախության հռչակումից հետո սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի քաղաքացիները դատական պատասխանատվության են կանչվում Ղարաբաղում:

Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը դիվերսանտներ են. նրանք մեղադրվում են մի շարք հոդվածներով, այդ թվում՝ Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի և զինված ուժերի սպա Սարգիս Աբրահամյանի սպանությունների, ինչպես նաև Քարվաճառի մեկ այլ բնակիչ Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու մեջ:

Գուլիևի և Ասկերովի հետ Քարվաճառ ներթափանցած մյուս ադրբեջանցին՝ Հասան Հասանովը, ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է:

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր ժամը 10-ին մեկնարկած դատավարությանը ամբաստանյալները ներկայացան ոստիկանների, պաշտպանների և թարգմանչի ուղեկցությամբ։

Դատական նիստը նախագահող Անատոլի Թադևոսյանը քննությունը սկսեց հարցով, հետաքրքրվելով՝ ինչպե՞ս է ամբաստանյալների առողջությունը։ 54-ամյա Դիլհամ Ասկերովն ասաց, որ առողջական խնդիրներ ունի՝ առանց հավելյալ մանրամասների։

Պետական մեղադրողը՝ դատախազ Կարեն Գաբրիելյանը ներկայացրեց մեղադրանքը՝ լրտեսություն, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի հատում, ապօրինի կերպով հրազենի և ռազմամթերքի կրում, մարդուն բացահայտ առևանգում, կյանքի համար վտանգավոր բռնության գործադրում, զենքի գործադրմամբ անչափահասի նկատմամբ կատարված սպանություն, ազգային ատելության շարժառիթով սպանությունների փորձ, գողություն և այլն:

Ըստ մինչ այս պահը հնչեցված ցուցումունքների՝ Ասկերովն ու Գուլիևը ծանոթացել են 1992 թվականին՝ Լաչինում, 1990-ական թվականների վերջին Գուլիևը Ռուսաստան է մեկնել, որտեղ, իր խոսքով, վեց տարի անցկացրել է բանտում՝ գողության համար։ Տարիներ անց Գուլիևը վերսկսել է շփումը հայրենակցի հետ՝ արդեն Բաքվում. հենց Ասկերովն է առաջարկել նրան մեկնել Ղարաբաղ։ Զենքը, ըստ Գուլիևի, Հասանովն էր բերել։ Նրանք հայտնվելով Ղարաբաղում՝ օրերով գիշերել են բացօթյա տարածքներում։

Ռուսերենի ոչ բավարար իմացության պատճառով Գուլիևի խոսքից չհասկացվեց, թե ինչպես է տեղի ունեցել 17-ամյա հայ պատանու առևանգումը. ասաց՝ ո՛չ առևանգմանն է մասնակցել, ո՛չ էլ սպանությունից է տեղյակ:

«Շրջվել եմ կրակոցի ձայնից և տեսել, որ տղան ընկել է ճանապարհի մեջտեղում՝ անշարժ»,- ասաց Գուլիևը։

Ադրբեջանցի ամբաստանյալը նաև մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են ցուլ, զինվորական հագուստ, ինչ-որ փաստաթղթեր գողացել, «ինչ-որ նկարահանումներ արել»։

Դիլհամ Ասկերովը նույնպես իրեն մեղավոր չճանաչեց ոչ միայն Սմբատ Ցականյանի սպանության, այլ նաև սահմանը հատելու մեջ, սակայն խոստովանեց, որ գողացել է Սմբատ Ցականյանի մոտ եղած գումարը։

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Ղարաբաղի իշխանությունները որևէ իրավական հիմք չունեն քրեական գործ հարուցելու Ադրբեջանի քաղաքացիների դեմ, և որ Լեռնային Ղարաբաղի դատարանի որոշումը որևէ իրավական ուժ չի ունենա։

Փոխվարչապետ Ալի Հասանովը այսօր հայտարարել է, որ մեկ շաբաթ առաջ պաշտոնական Բաքուն դիմել է միջազգային մի շարք կազմակերպություններ ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտե՝ խնդրելով ջանքեր գործադրել ադրբեջանցի գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Հասանովի փոխանցմամբ՝ սակայն որևէ արձագանք մինչ այս պահը չկա։

Անցյալ շաբաթ էլ ադրբեջանական լրատվամիջոցներն էին փորձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկնաբանություն ստանալ Ղարաբաղի իրավապահների կողմից ադրբեջանցիներին դատական պատասխանատվության ենթարկելու մասին, սակայն միջնորդները հրաժարվել են մեկնաբանել։

Պաշտոնական Ստեփանակերտը, մինչդեռ, հիշեցնում է, որ ձերբակալված ադրբեջանցիները կասկածվում են ծանր հանցագործությունների մեջ, և դատարանը պետք է համարժեք գնահատական տա նրանց արարքներին։ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ արտաքին միջամտություն այս գործում բացառվում է։

«Դատավարությունն անց է կացվելու քաղաքակիրթ երկրի համարժեք մակարդակով, ինչքան էլ որ դա հոգեբանորեն դժվար չլինի մեզ համար, քանի որ այդ մարդիկ մեղադրվում են շատ ծանր հանցագործությունների մեջ։ Բայց, այնուամենայնիվ, նրանց տրամադրվել է պաշտպաններ, և այդ պաշտպաններն ամեն ինչ անելու են նրանց շահերը պաշտպանելու համար։ Միայն դատավարությունը կորոշի նրանց վերջնական վճիռը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։

XS
SM
MD
LG