Ռուսաստանի տնտեսության համար այսօր կա երկու լուր. առաջինը` վատ, երկրորդը` ավելի վատ։
Էներգակիրների միջազգային շուկայում նավթի գնանկումը շարունակվում է, ինչը հարվածում է այդ երկրի տնտեսությանը և նպաստում ազգային տարադրամի` ռուբլու ճգնաժամին։ Այսօր մեկ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 40 ռուբլի 50 կոպեկ։
Երկրորդ` ավելի վատ լուրն այն է, որ նավթարդյունահանող հսկաներից Սաուդյան Արաբիան, որը կարծես նույնպես տուժում է գնանկումից, խուճապի նշաններ ցույց չի տալիս, ավելին` հայտնում է, որ այս կացությունը շատ էլ նորմալ է։
Դա ունի իր բացատրությունը` ածխաջրածիններով գերհարուստ այդ երկրին ինչ-որ չափով ձեռնտու է նավթի գնանկումը։ Սաուդյան Արաբիայում նավթի պաշարներն ընդերքի վերին շերտերում են, արդյունահանումը տեխնիկապես հեշտ է։
Գնանկումից երկիրը, իհարկե, կտուժի, բայց ավելի վատ վիճակում կհայտնվեն բարդ կլիմայական պայմաններում աշխատող մրցակիցները, ովքեր ազատ միջոցներ չեն ունենա ստորջրյա և թերթաքարային հանքավայրերը հետազոտելու ու շահագործելու համար։
Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նկատել են տալիս, որ նավթի մեկ բարելի գինը մեկ-երկու տարի կարող է 80 դոլար լինի, ինչը նրանց առանձնապես չի մտահոգում։ «Ընտելացեք ցածր գներին», - «Ռոյթրին» ասել է այդ երկրի մի պաշտոնյա։
Վենեսուելան և ՕՊԵԿ-ի (նավթարդյունահանող երկրների կազմակերպության) մի շարք այլ անդամներ առաջարկել են զսպել արդյունահանումը, ինչը կառաջացնի գնաճ, բայց Սաուդյան Արաբիան դեռ մերժում է դրա հնարավորությունը։
«Ռոյթրը» վկայակոչում է Քուվեյթի նավթարդյունաբերության նախարար Ալի ալ-Օմեյրին, ով ասել է, որ զսպումն արդյունք չի տա, քամի որ Ամերիկան և Ռուսաստանը միևնույն է ավելացնում են արդյունահանումը։
Ալ-Օմեյրի համոզմամբ, գինը կիջնի մինչև 76-77 դոլար մեկ բարելի համար և հետագա անկում էլ չի լինի։
Business Week հանդեսի փորձագետի կարծիքով, «էժան նավթը ռուսական տնտեսության համար ամենասարսափելի սպառնալիքն է, քանի որ ճեղք է առաջացնում պետական բյուջեում»։
Բայց այն, ինչ հանգիստ են տանում գերհարուստ Սաուդյան Արաբիայում, խուճապ է առաջացնում Ռուսաստանում։
«Օդնակո» հեռուստածրագրի հեղինակ Միխայիլ Լեոնտևը, ով Կրեմլի գլխավոր քարոզիչներից է և միաժամանակ «Ռոսնեֆտ» ընկերության փոխնախագահը, հայտարարել է, թե «Սաուդյան Արաբիայի գործողությունները քաղաքական մեքենայություններ են, որոնց նպատակը խորտակել Ռուսաստանի տնտեսությունը խորտակելն է»։
Մոսկվայում նավթի գնանկումը և ռուբլու արժեզրկումը համարում են դավադրություն, Ուկրաինայի համար ռուսներին պատժելու, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին նեղելու փորձ։
«Եթե նավթի գինը չբարձրանա, Ռուսաստանի կառավարությունը կհայտնվի նվաստացուցիչ վիճակում, քանի որ ստիպված կվերանայի բյուջեն, կսահմանափակի սոցիալական ծրագրերը, պակասուրդը փակելու համար միջոցներ կվերցնի պահուստային ֆոնդերից, թոշակներից։ Պատժամիջոցներից արդեն տուժած Դաշնության տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ»,- նշել է «Ռոյթըրի» փորձագետը։
«Ռուսական տնտեսությունը շատ բարդ կացության մեջ է, պատճառը ոչ միայն ուկրաինական ճգնաժամն է. «սև ոսկու» գնի անկումը կարող է աղետ դառնալ Ռուսաստանի համար», - ասել է Les Echos պարբերականի վերլուծաբան Իվ Բուրդիյոնը։