Մատչելիության հղումներ

Ղարաբաղը պատրաստվում է սև խավիարի խոշոր արտահանող դառնալ


Լուսանկարը՝ Ղարաբաղի կառավարության աշխատակազմի տեղեկատվության բաժնի
Լուսանկարը՝ Ղարաբաղի կառավարության աշխատակազմի տեղեկատվության բաժնի

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի սահմանամերձ Մատաղիս գյուղում շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի ֆինանսական ներդրումներով մեկնարկել է Ղարաբաղի տնտեսական մեծածավալ նախագծերից մեկի՝ սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարությունը:

Լեռնային Ղարաբաղի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ կառուցվող ձկնաբուծարանի շուրջ 350 ջրավազաններում շուտով կդրվեն առաջին ձկնկիթները: Ըստ նախագծի՝ առաջիկա տարիներին Ղարաբաղը դառնալու է այդ սննդամթերքի խոշոր արտահանող:

Կիրակի օրը Սերմաքեշի հետ Մարտակերտի շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում լինելով նաև Մատաղիսում, Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը բացի ակնկալվող տնտեսական նշանակությունից ընդգծել է նաև ծրագրի՝ սահմանամերձ համայնքում իրագործվելու հանգամանքը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա շրջակա գյուղերի բարգավաճման համար:

Հարությունյանը կարևորել է Սերմաքեշի մասնակցությունը Ղարաբաղի տնտեսության զարգացման գործում, որը ներառում է մի շարք ոլորտներ՝ գյուղատնտեսություն, բանկային համակարգ, հիդրոէներգետիկա, հանքարդյունաբերություն՝ շեշտադրելով, որ նրա ներդրումների ծավալն արդեն անցնում է մի քանի տասնյակ միլիարդ դրամի սահմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG