Մատչելիության հղումներ

Համատեղությամբ աշխատող դասախոսները «սպասելու ժամանակ չունեն»


Համատեղությամբ աշխատող դասախոսները «սպասելու ժամանակ չունեն»
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

Գրեթե երկու ամիս է անցել այն օրից, երբ վարչապետը Ֆինանսների նախարարությանը հանձնարարեց լուծել համատեղությամբ պետական և մասնավոր ոլորտներում աշխատող դասախոսներից պարտադիր սոցիալական վճարը կրկնակի գանձման հարցը:

Հիշեցնենք, որ երիտասարդ դասախոսները նամակ էին ուղղել վարչապետին՝ պահանջելով վերանայել «Կուտակային կենսաթոշակների մասին» լրամշակված օրենքը, համաձայն որի՝ պարտադիր սոցիալական վճարը գանձվելու է միաժամանակ երկու տարբեր աշխատավարձերից: Ըստ դասախոսների՝ սա անարդար մոտեցում է և հարցը չլուծելու դեպքում իրենք ստիպված կլինեն հրաժարվել բուհում աշխատելուց: Տարբեր պետական բուհերից արդեն իսկ մի քանի տասնյակ դասախոսներ դուրս են եկել, ոմանք էլ դեռևս հետաձգում են պայմանագրի ստորագրման պահը՝ սպասելով պարզաբանումներին:

Հայ-ռուսական սլավոնական համալսարանի դասախոս Սուրեն Էյրամջյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ արդեն սպասելու ժամանակն էլ չկա․ բուհի հաշվապահությունից հայտնել են՝ առնվազն 7 օրից դասախոսները պետք է կողմորոշվեն՝ սոտրագրո՞ւմ են պայմանագրերը, թե՞ հեռանում բուհից:

Եթե մինչև սահմանված ժամկետը նախարարությունը պատասախ չտա, Սուրենը ստիպված կլինի ստորագրել պայմանագիրը․ - «Նոյեմբերի 1-ին արդեն պայմանագիրը պիտի ստորագրեմ: Եթե իրենք իրականում թքած ունեն մեր կրթության ոլորտի վրա, մենք՝ երիտասարդներս այդպես չենք վերաբերվում: Շատերս, իհարկե, պատրաստ ենք այդ զոհաբերությանը՝ գնալ այդ վճարներին՝ հանուն կրթության»:

Վարչապետին ուղղված նամակի հեղինակներից ԵՊՀ-ի Իրավաբանական ֆակուլտետի դասախոս Արսեն Թավադյանի համոզմամբ՝ որքան նախարարությունը ուշացնում է պատասխանը, այնքան անորոշությունն ավելի է մեծանում դասախոսների շրջանում․ - «Որովհետև, մի կողմից կա համալսարանի նկատմամբ բարոյական պատասխանատվության զգացում, մյուս կողմից էլ կա օբյեկտիվ ինչ-որ հարկային քաղաքականություն, որը ստիպում է իրենց հետ մնալ»:

«Ազատության» հետ զրույցներում համատեղությամբ աշխատող դասախոսներից շատերը ևս հաստատեցին, որ բուհի նկատմամբ բարոյական պատասխանտվությունն է ստիպում շարունակել աշխատանքը: Նրանց կարծում են, որ Կառավարութոյւնը պարզապես չարաշահում է երիտասարդ դասախոսների այս մոտեցումը:

Արսեն Թավադյանը, սակայն, չի ուզում հավատալ, որ սա կանխամտածված է․ - «Իմ անձնական կարծիքով՝ մեր պետական ապարատը այդքան ճկուն չէ:, այդքան արագ չի արձագանքում: Ես փորձում եմ այստեղ կանխամտածվածություն չտեսնել, ավելի շուտ տեսնում եմ դանդաղ աշխատելու հատկանիշները»:

Մինդեռ Սլավոնական համալսարանի դասախոս Սուրեն Էյրամջյանի կարծիքով՝ կառավարւթոյւնը պարզապես ժամանակի վրա է խաղում․ - «Անհասկանալի բան է ստացվում: Ստացվում է, որ նախարարություններն անտեսո՞ւմ են վարչապետի խոսքը: Ինչ-որ թեթև փոփոխություն պետք է արվեր ընդամենը հաշվետվության տեսքով, ինչը հնարավորություն էր տալու այդ համատեղության հարցը լուծել, բայց չարվեց: Այստեղից բազմաթիվ հարցեր ու ենթադրություններ են առաջանում իրական մտադրությունների մասին: Ենթադրում եմ, որ միտումնավոր այս հարցը ձգձգում են․․․ որ այս ընթացքում ումից հնարավոր լինի, մաքսիմալ գանձել»:

Հարցին՝ թե ինչ պատասխան են ակնկալում Ֆինանսերի նախարարությունից, Արսեն Թավադյանը պատասխանեց, որ համատեղոթւյամբ աշխատող դասախոսների համար բուհում դասավանդելը եկամտի հիմնական աղբյուրը չէ և որպես փոխզիջումային տարբերակ կառավարութոյւնը կարող է գոնե 5 տոկոսի պահումներ անել միայն բուհից ստացած աշխատավարձից՝ չդիտչելով մասնավորից ստացած աշխատավրձին:

Ըստ Սուրեն Էյրամջյանի, սակայն, սա հարցի լուծում չէ, քանզի համակարգը, միևնույնն է, շարունակելու է ավտոմատ պահումները:

Ֆինանսների նախարարությունը շարունակում է լռել և այսօր հերթական անգամ մեր հարցը մնաց անպատասխան: Ու քանի որ նախարարութոյւնը չի շտապում առաջարկել խնդրի լուծման իր տարեբարկը, երիտասարդ դասախոսները մտադիր են այլևս համբերատար կերպով չսպասել:

«Արդեն հասնում ենք այն ժամկետին, վերջնական պահին, որից այն կողմ արդեն ձգել անհնար է: Եթե մոտակա երկու շաբաթվա մեջ որևէ պատասխան չլինի, կարծում ենք, արդեն կարելի է մտածել ինչ-որ այլ բան նախաձեռնելու մասին»․ - ասաց Արսեն Թավադյանը:

XS
SM
MD
LG