Մատչելիության հղումներ

Երիտասարդ դասախոսները վարչապետից կպահանջեն վերանայել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը


Երիտասարդ դասախոսները վարչապետից կպահանջեն վերանայել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը
please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00

Հակառակ դեպքում, նրանք ստիպված կլինեն սեպտմեբերին չվերակնքել պայմանագրերը պետական բուհերի հետ:

Պետական բուհերի մի շարք երիտասարդ դասախոսներ պատրաստվում են այս շաբաթավերջին բաց նամակ հանձնել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ պահանջելով վերանայել «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը՝ նշելով, որ հակառակ դեպքում ստիպված կլինեն սեպտմեբերին չվերակնքել պայմանագրերը պետական բուհերի հետ:

Մտահոգված են, մասնավորապես, այն դասախոսները, ովքեր պետական բուհերում դասավանդելուց բացի, աշխատում են նաև մասնավոր հատվածում և, փաստորեն, նոր օրենքի համաձայն, պարտադիր սոցիալական վճարը գանձվելու է նրանց երկու տարբեր աշխատավարձերից:

Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ Արսեն Թավադյանը, Սայաթ Բադալյանն ու Վահագն Դալլաքյանը, ովքեր նաև աշխատում են փաստաբանական գրասենյակում, անընդունելի և անարդար են համարում այս մոտեցումը:

«Փաստացի ստացվեց մի իրավիճակ, երբ համալսարանից ստանում ենք ցածր աշխատավարձ, դրա հետևանքով նաև պետք է վճարենք մեր մասնավոր` համեմատաբար բարձր աշխատավարձից սոցիալական վճար, և արդյունքում ստացվում է, որ այն գումարը, որը մենք վճարել ենք սոցիալական վճար, երբեմն շատ ավելի շատ է լինում, քան այն ակնկալվող աշխատավարձը, որը մենք ստանալու ենք համալսարանից», - ասաց Թավադյանը։

Հարցին, թե որքան է կազմում երiտասարդ դասախոսի ամսական աշխատավարձը, Թավադյանը պատասխանեց. - «Միջինը 50 հազար դրամ է կազմում, սակայն 50 հազար դրամ ստանալու համար, պետք է 25 հազար վճարենք»։

Սայաթ Բադալյանն էլ հավելեց, որ ժամավճարի դեպքում գումարը նույնիսկ կարող է 25 հազարից ցածր լինել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տասը գիտնականներ ևս ստիպած են եղել խզել պայմանագրերը պետական այս կառույցի հետ՝ միայն մասնավոր հատվածում աշխատելու և գոնե մինչև 2017թվականի հուլիսի 1-ը պարտադիր սոցիալական վճարից խուսափելու համար:

«Երբեք բուհին չենք վերաբերվել որպես եկամտի աղբյուր», - ասում էին երիտասարդ դասախոսներն ու հավելում․ - «Բայց այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ համալսարաններում աշխատելը պահանջում է ոչ միայն ժամանակի տրամադրում, այլև հանգեցնելու է համալսարանից դուրս ստացվող եկամուտի նվազմանը»:

Ավելի վաղ այս խնդրով երիտասարդ դասախոսները դիմել էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարությունում սոսկ օրենքից մեջբերումներ էին արել ու ընդգծել, որ «մասնավոր ընկերությունում և պետական ոչ առևտրային կազմակերպությունում համատեղությամբ աշխատելու դեպքում, 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները չեն կարող հրաժարվել սոցիալական վճարներ կատարելու պարտավորությունից»:

Երիտասարներ դասախոսներն այս խնդրով դիմել են նաև մայր բուհի (Երևանի պետական համալսարանի) ղեկավարությանը:

«ԵՊՀ ռեկտոր պարոն Արամ Սիմոնյանը հայտնել է, որ համալսարանը նույնպես մտահոգված է այս խնդրով։ Մի անգամ, եթե չեմ սխալվում, նամակ են գրել Կրթության և գիտության նախարարություն՝ ակնկալելով հարցի դրական լուծում։ Խնդիրն ընկալվում է բոլոր տեղերում. լուրջ խնդիր է և ծագել է ընդամենը տեքստային անհամապատասխանություններից, որոնք հակասում են օրենքի տրամաբանությանը», - «Ազատության» հետ զրույցում ասացին երիտասարդ դասախոսները։

Վարչապետին հասցեագրված նամակի տակ արդեն ստորագրել են մի քանի տասնյակ դասախոսներ: Նրանք հույս ունեն, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ի վերջո կհասկանան՝ նոր օրենքի պատճառով բուհերը որակյալ մասնագետներ կկորցնեն:

«Մենք ակնկալում ենք, որ ընթացք կստանա մեր նամակը, և դրական լուծում կլինի, որովհետև սրա պատճառով շատ դասախոսներ, ըստ էության, ստիպված են լինելու հրաժարվել համալսարանում դասավանդելուց, և դրանք հիմնականում որակյալ մասնագետներն են, որովհետև նրանք ունեն համեմատաբար բարձր աշխատավարձ մասնավոր սեկտորում և նրանք պահանջված են, ուստի նաև որակյալ մասնագետներ են», - ասացին «Ազատության» զրուցակիցները։

XS
SM
MD
LG