Մատչելիության հղումներ

«Բարեփոխումները պետք է արվեն քաղաքական ուժերի միաբանության պայմաններում»


«Բարեփոխումները պետք է արվեն քաղաքական ուժերի միաբանության պայմաններում»
please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահն ասում է՝ Սահմանադրությունը վերնաշապիկ չէ, որ ամեն օր փոխես։

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին դրական գնահատական տված Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն «Ազատության» հետ զրույցում կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին կառուցողական դերակատարություն ունենալ սահմանադրական փոփոխությունների գործում։

Բուքիքիոն այսօր մասնակցում էր Երևանում ընթացող միջազգային խորհրդաժողովին։

Ընդդիմադիր ուժերին մի հարթակում միավորել է նաև սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու հանգամանքը։ Հարցին, թե արդյո՞ք այս պարագայում իմաստ ունի շարունակել սահմանադրական բարեփոխումների գործընթացը, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահը պատասխանեց՝ Սահմանադրությունը վերնաշապիկ չէ, որ ամեն օր փոխես։

«Սակայն, եթե առաջացել են խնդիրներ և սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա, դա պետք է իրականացվի, բայց դա պետք է արվի բոլոր քաղաքական ուժերի հնարավոր ամենալայն քաղաքական միաբանության պայմաններում», - ասաց Բուքիքիոն։

Նա հուսով է, որ երբ հայեցակարգը ավելի կոնկրետ բովանդակություն ստանա, հնարավորինս լայն քննարկումներ կանցկացվեն քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և ողջ հայ ժողովրդի շրջանում։

Ընդդիմության հիմնական մտահոգությանը, թե սահմանադրական փոփոխությունները կատարվում են՝ իշխանության վերարտադրությունը ապահովելու համար, քանի որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվելու հնարավորություն չունի, Բուքիքիոն այսպես արձագանքեց. - «Այլ երկրներում էլ նման մտավախությունների օրինակներ կան: Ես չեմ ցանկանում քաղաքական խաղի մեջ մտնել. սահմանադրական փոփոխությունները պետք է կատարվեն ի շահ Հայաստանի ժողովրդի, սա կարևոր է»:

Ըստ Բուքիքիոյի, իրենք հայեցակարգն են ուսումնասիրել, դրան դրական եզրակացություն են տվել, և այժմ կարևոր է, թե ինչ կոնկրետ դրսևորումներ կստանան հայեցակարգում նկարագրված ընդհանուր մոտեցումները։

«Հայեցակարգում թույլ կողմեր առանձնապես չկան, սակայն բարելավելու տեղ կա, մասնավորապես, փոքրամասնություններին ավելի մեծ իրավունքներ պետք է տալ, բայց այդուհանդերձ, դրանում ամրագրված են մի շարք կարևոր իրավունքներ: Ես շատ եմ կարևորում այդ դերը, որ տրվում է քաղաքական ընդդիմությանը, մասնավորապես, խորհրդարանի փոխխոսնակի, կամ խորհրդարանական կարևոր հանձնաժողովի նախագահի պաշտոնների տեսքով», - ասաց Ջիանի Բուքիքիոն։

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկի Հարությունյանը ևս ընդդիմության դերակատարումը բարձրացնելը հայեցակարգի կարևոր առաջարկներից է համարում։

«Հատկապես այնպիսի խորհրդարաններում, որոնք միապալատ են և չկա ներխորհրդարանական հակակշիռներ, խորհրդարանական փոքրամասնությունը շատ ավելի մեծ դերակատրություն պետք է ունենա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Ընդդիմության դերը խորհրդարանում բարձրացնելու համար հայեցակարգը առաջարկում է փոխել ներկայումս գործող կարգը, որի համաձայն խորհրդարանական մեծամասնությունը կարող է միանձնյա վճռել հանրության համար կարևորագույն հարցեր՝ քաղաքական գործընթացներից դուրս թողնելով ընդդիմադիր ավելի փոքրաթիվ ուժերին։

«Մեզ մոտ 50 պլյուս 1 հարաբերությամբ, եթե միշտ քաղաքական մեծամասնությունը նաև առանձին մեկ կուսակցություն ունենում է այդքան ձայն, բոլոր նշանակումները կարող է անել առանց որևէ խնդրի։ Դուք ուշադրություն դարձրե՞լ եք՝ այնտեղ առաջ է քաշվում, ասենք, օրգանական օրենքների՝ սահմանադրական օրենքների գաղափարը, որի պարագայում առանց ընդդիմության ակտիվ մասնակցության որևէ օրենք չի ընդունվի։ Կամ մենք առաջ ենք քաշում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կամ Վերահսկիչ պալատի նախագահի, կամ մի շարք այլ պաշտոններում նույնպես այդ քվոտայի բարձրացում՝ երկու երրորդի կամ որակյալ մեծամասնության, որի պարագայում ընդդիմության դերակատարությունը մեծանում է», - ասաց Սահմանադրական դատարանի նախագահը։

Սակայն հայտնի է, որ ընդդիմադիր եռյակը դեմ է այս սահմանադրական փոփոխություններին։ Քաղաքական անհամաձայնության պատճառով ընդհանրապես հրաժարվել սահմանադրական փոփոխություններ կատարելուց Գագիկ Հարությունյանը ճիշտ չի համարում․ - «Եթե այդ համաձայնությունը ձեռք չի բերվում, ուրեմն արդյունքները ակնկալիք չեն կարող լինել։ Դրա համար պետք է գնան գործընթացներ, որպեսզի համապատասխան համաձայնության շրջանակներում բարեփոխումներ իրականացվեն։ Ոչինչ չանելը՝ դա չի նշանակում մնալ այն վիճակում, ինչպիսին որ կա, ոչինչ չանելը դա կործանման ճանապարհն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG