Մատչելիության հղումներ

Ավետիք Իշխանյան․ «Երկրի համար առաջին պրոբլեմը Սահմանադրությունն է»


Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 15-ը հոկտեմբերի, 2014թ.
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 15-ը հոկտեմբերի, 2014թ.

Սակայն իրավապաշտպանը չի բացառում, որ նախատեսվող բարեփոխումներում խորհրդարանականի անվան տակ լինի «պսևդոխորհրդարանական» համակարգ։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ Հայաստանի Սահմանադրությամբ իշխանության տարբաժանում չկա։ Իրավապաշտպանն ասում է՝ հպատակի կարգավիճակից քաղաքացի դառնալու լավագույն տարբերակը խորհրդարանական կառավարմանն անցնելն է։

«Եթե ցանկություն կա, որ դատարանները գործեն անկախ ու չառաջնորդվեն միայն իշխողների շահերով՝ գործադիր իշխանության, եթե մենք ուզում ենք իրական տեղական ինքնակառավարում ունենանք և ոչ թե ունենանք Սուրիկ Խաչատրյանի տիպի մարզպետ, ապա միակ ձևը, համաշխարհային փորձն է ցույց տալիս, դա խորհրդարանական կառավարումն է՝ ինչպես Եվրոպայի 99 տոկոսը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իշխանյանը։

Սահմանադրական բարեփոխումներին ընդդիմացող խորհրդարանական ուժերը կարծում են, որ իշխանությունը այդ գործընթացը նախաձեռնել է մեկ նպատակով՝ վերարտադրման։ Հարցին՝ արդյոք երեկ հրապարակված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը այդ սողանցքները թողնո՞ւմ է, Իշխանյանը պատասխանեց․ - «Այս իշխանությունները, որոնք ամեն անգամ ընտրություններից ընտրություն կեղծել են իշխանությունը, երբ որ ամեն անգամ հայտարարում են, որ իրենք դեռ երկար ժամանակ պետք է լինեն իշխանության՝ հենց Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը և այլն, ճիշտն ասած, ես չեմ հասկանում և չեմ կարողանում հասկանալ, թե արդյոք նրանք ընդունա՞կ են իրենց լիազորությունները սահմանափակելու, որովհետև պառլամենտական համակարգը նշանակում է իր իշխանությունը սահմանափակել: Եվ չեմ հավատում, և նաև համաշխարհային փորձից, ճիշտն ասած, չգիտեմ դեպք, երբ որ իշխանությունները հանկարծ դառնում են մի այնպիսի բարի, որ իրենց նախաձեռնությամբ իրենց իշխանությունը սահմանափակում են»։

Իշխանյանը վստահ է՝ երկրի համար առաջին պրոբլեմը Սահմանադրությունն է։ Ըստ իրավապաշտպանի, գործող Սահմանադրությունը նորմալ իշխանափոխության հնարավորություն չի տալիս։

«Այս Սահմանադրությամբ անընդհատ վերարտադրվել է նույն իշխանությունը։ Կներեք, Հովիկ Աբրահամյա՞նն է եղել նախկին իշխանություն, թե՞ Սուրիկ Խաչատրյանը, թե՞ գեներալ Մանվելը [Գրիգորյան], հիմա նրանք անընդհատ վերարտադրվում են», - ասաց Իշխանյանը։

Իրավապաշտպանը, սակայն, չի բացառում, որ Սահմանադրական փոփոխություններից հետո ներկայիս իշխանությունը կրկին դառնա իշխանություն։

«Նախագիծը երբ որ պատրաստ լինի, ես վստահ իմ կարծիքը կասեմ, որովհետև կարող է խորհրդարանական Սահմանադրություն անվան տակ, ես պայմանական ասեմ՝ լինի պսևդոխորհրդարանական համակարգ։ Այսինքն, պսևդո՝ ես նկատի ունեմ, որ անունը լինի խորհրդարանական, բայց ենթադրենք, ասենք՝ վարչապետը նշանակում է դատավորներին․ այդ դեպքում այն կասկածները, որ մենք ունենք, կարելի է ամրապնդել և ասել, թե ինչի համար են անում։ Առայժմ ես ո՛չ ասում եմ «այո», ո՛չ ասում եմ «ոչ», - ասաց Իշխանյանը։

Հարցին՝ արժե՞ր, որ ոչ իշխանական ուժերը նման հակասահմանադրական արշավ սկսեին և չմասնակցեին քննարկումներին ու իրենց առաջարկները չներկայացնեին, իրավապաշտպանը պատասխանեց, թե ընդդիմությունը կարող էր նաև իշխանություններին ծուղակը գցել։

«Ընդդիմությունը կարող էր նաև ծուղակը գցել, ինչ տեսակետից՝ եթե ընդդիմությունը իսկապես ուզում է ապագա Հայաստանում տեսնել ժողովրդավարություն, իսկապես ուզում է, որ ընդդիմությունը ունենա իր դերը, ապա նա միանգամից պետք է բռներ այդ խայծը, եթե դա խայծ էր, և սկսեր ակտիվ մասնակցել դրան և ցույց տար, որ իսկապես իշխանությունները լուրջ տարանջատում չեն ուզում անել, այդ ձևական է», - ասաց Իշխանյանը։

XS
SM
MD
LG