Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա Փարիզում, հոկտեմբերի 27-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Դեսպանը նաև հավելել է, որ Ֆրանսիան ձգտում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցկացնել Փարիզում մի կողմից, որ պատկերացում կազմվի այն գործիքների մասին, որոնք վստահություն կներշնչեն, կնպաստեն, որպեսզի քաղաքացիներ և զինվորականներ չմահանան: Մյուս կողմից, որպեսզի հիմնվելով 3 հիմնական սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման, բանակցություններին նոր խթան հաղորդվի», - «Նովոստի-Արմենիա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Անրի Ռենոն:
Դեսպանի խոսքով՝ Փարիզում կայանալիք հանդիպմանը ներկա են լինելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահները․ - «Կողմերը իրենք պետք է որոշեն, թե ինչպիսին պետք է լինի համաձայնագիրը: Միջնորդները օգնում են նրանց, բայց չեն կարող նրանց փոխարեն որոշում ընդունել։ Հենց դա է միջնորդության դերը»: