Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դիվերսանտների գործն ուղարկվել է դատարան


Լեռնային Ղարաբաղ - Ձերբակալված դիվերսանտներից Շահբազ Գուլիևը, 11-ը հուլիսի, 2014թ.
Լեռնային Ղարաբաղ - Ձերբակալված դիվերսանտներից Շահբազ Գուլիևը, 11-ը հուլիսի, 2014թ.

Հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի դիվերսանտների գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, փոխանցում է Ղարաբաղի դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Թիվ 341001/14 քրեական գործը ըստ մեղադրանքի Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 350-րդ հոդվածի 1-ին մասով, 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածով, 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 14-րդ կետերով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 344-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ըստ էության քննելու համար», - ասված է Լեռնային Ղարաբաղի դատախազության հաղորդագրությունում։

Ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու փաստով քրեական գործը Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինները հարուցել են հուլիսի 15-ին:

Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը չունի ադրբեջանցիների նկատմամբ դատական գործ հարուցելու իրավաբանական հիմքեր, և դատարանի կայացնելիք վճիռը «իրավաբանական ուժ չի կարող ունենալ»:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը, հայտնում են, որ հոկտեմբերի 6-ին Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Ասկերովին ու Գուլիևին, նրանց տեղեկատվություն են փոխանցել իրենց ընտանիքների մասին և նրանցից տեղեկատվություն ստացել հարազատներին փոխանցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG