Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը «հիմքեր չունի» Ոսկու շուկայի սեփականատիրոջ դեմ քննություն սկսելու համար


Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը շրջում է առևտրականների սեղանները, 25-ը սեպտեմբերի, 2014թ․
Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը շրջում է առևտրականների սեղանները, 25-ը սեպտեմբերի, 2014թ․

Առևտրականները, մինչդեռ, վանդալիզմ են որակում սեփականատիրոջ պահվածքը:

Չնայած դեպքից երկու օր է անցել՝ ոստիկանությունը շարունակում է հավաստիացնել, որ հիմքեր չունի Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի դեմ քննություն սկսելու համար։

Ոստիկանությունից այսօր «Ազատության» հարցին ի պատասխան կրկին պնդեցին, որ բողոք չեն ստացել, երբ կլինի, այն ժամանակ էլ կսկսեն աշխատել։

Առևտրականները, մինչդեռ, վանդալիզմ են որակում սեփականատիրոջ պահվածքը, ով Ոսկու շուկայի տարածքում կոտրել էր տվել այն առևտրականների սեղանները, որոնք հանդգնել էին բողոքել կառավարության վերջին հարկային փոփոխություններից։

Փոքր ձեռներեցների միության նախագահ Ստեփան Ասլանյանը դա ստրկատիրական կարգերին բնորոշ վարքագիծ որակեց՝ պահանջելով իրավապահներից հստակ գնահատական տալ կատարվածին:

Միության ներկայացուցիչները պնդում են, որ Աբրահամյանը սեղանները կոտրելով չի սահմանափակվել: Որոշ առևտրականների հետ նաև խզել է պայմանագրերը՝ պատճառաբանելով, թե իբր տարածքում շինարարություն է նախատեսվում։

Միության անդամների խոսքով՝ առևտրականները վախեցած են, և դա է պատճառը, որ ոչ միայն ոստիկաններին բողոք չեն ներկայացնում, այլ նաև ընդհանրապես կատարվածի մասին հրապարակավ չեն խոսում։

Միևնույն ժամանակ, չնայած սեփականատերերի ճնշումներին՝ ձեռներեցները պատրաստվում են առաջիկա երկուշաբթի Ազգային ժողովի շենքի մոտ կրկին բողոքի ցույց անցկացնել։ Նրանք առաջարկում են շրջանառության հարկի մասին փոփոխված օրենքի կիրառումը երկարաձգել մինչև 2016 թվականը՝ թույլ տալով իրենց այդ ընթացքում կողմնորոշվել՝ շարունակե՞լ 3.5 տոկոս շրջանառության հարկ վճարել, թե՞ անցնել 1 տոկոսի՝ փոխարենը գույքագրելով ողջ ապրանքը։

«Կան չէ՞ բիժուտերիա վաճառողներ: Մարդը հազար, հինգ հազար, տասնհինգ հազար տեսակի բիժուտերիա: Պատկերացնո՞ւմ եք, որ ամեն մի ապրանքի համար մի փաստաթուղթ լինի, մոտավորապես 300-էջանոց մի գիրք կդառնա: Քանի՞ հաշվապահ պիտի աշխատի․․․ Կամ էս մարդը պետք ա ոսկի չծախի, ընկնի էդ հաշվապահության հետևից», - նշեց Ասլանյանը:

Միության անդամ Տիգրան Հովհաննիսյանն ահազանգում է, թե առևտրականներն արդեն խոսում են վիճարկվող օրենքի հետ ավելացող կոռուպցիայի մասին։ Հարկային տեսուչները կարող են օգտվել նրանց անելանելի վիճակից:

«Գուցե կաշառքը վերցնեն․․․ Այսինքն` վարչարարական մեթոդներն են չէ՞ ավելացրել: Բռնեցին, 20 հազար, փող տուր՝ չանեմ», - ասաց Հովհաննիսյանը:

Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության ներկայացուցիչները, քննադատելով կառավարության՝ իբր խոշոր բիզնեսը ստվերից հանելու գործողությունները, համոզված են, որ օլիգարխիայի հետ սերտաճած իշխանությունները սրանով լուծում են իրենց բիզնեսի հարցերը․ փոքրերին դուրս մղելով՝ մտադիր են է՛լ ավելի ամրապնդել դիրքերը շուկայում՝ ստանալով գերշահույթ։

«Խոշոր բիզնեսն ուղղակի տեղ չունի տարածվելու: Կտրիչները սուր քաշել են փոքրի վրա: Հիմա իրանք անպայման ուզում են մեծացնեն իրանց բիզնեսը: Ո՞նց՝ էս մարդկանց ասում են՝ դու մի բեր, դու մի բեր: Արդեն բավականաչափ ապրանքներ Հայաստան չես կարող ներկրել, որովհետև հենց իրանք իշխանության մեջ են», - ընդգծեց Ասլանյանը:

XS
SM
MD
LG