Պաշտոնական Երևանը այսօր խստորեն դատապարտել է Սիրիայի տարածքում Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից:
«Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից», - հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հայտարարությունում, որի տեքստը հրապարակել է Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը, Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ «միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»: