Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն «ընդհանուր օրակարգով կգնան հանրահավաքի»


«Ժառանգությունը» Ազատության հրապարակում կբարձրացնի ամբողջական իշխանափոխության հարցը
please wait

No media source currently available

0:00 0:05:27 0:00

«Ժառանգությունը» միևնույն ժամանակ հայտարարում է, որ եթե նույնիսկ ոչ իշխանական եռյակը միասնական դիրքորոշում չունենա, միևնույն է իրենք բարձրացնելու են ամբողջական իշխանափոխության հարցը:

Եթե նույնիսկ ոչ իշխանական եռյակը միասնական դիրքորոշում չունենա, միևնույն է «Ժառանգությունը» հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքում բարձրացնելու է ամբողջական իշխանափոխության հարցը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Եթե դա օրակարգային հարց չդառնա, «Ժառանգությունը» կարող է քաղաքացիներին հարցնել, գո՞ւցե քաղաքացիները իսկապես կողմ են ամբողջական իշխանափոխությանը, կամ գուցե դեմ են դրան, ասում են՝ այսօրվա իշխանությունները ուղղակի հրաշալի են, մենք էնքան ենք իրենց սիրում, որ էդ սիրուց թողնում-փախնում ենք»,- ասաց Մարտիրոսյանը։

Իշխանափոխության և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը նաև Հայ ազգային կոնգրեսի օրակարգում է, սակայն խնդիրն այն է, թե արդյոք ՀԱԿ-ի և «Ժառանգության» այս պահանջին կիմանա նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը և արդյոք Ազատության հրապարակում կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Նկատենք, որ առայսօր ԲՀԿ-ի ներկայացուցիչները խուսափել են այդ հարցին կոնկրետ պատասխան տալ: Պարզ չէ՝ արդյոք «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը կկարողանան համոզել ԲՀԿ-ին։

«Երբ այդ օրը գա, իրենց կներկայացնենք իրենց մոտեցումները ցանկացած պարագայում։ Համենայնդեպս, ես կարող եմ ասել այն, ինչ իրենք պաշտոնապես են հայտարարել, որ ԲՀԿ-ի համար չքննարկվող հարցեր գոյություն չունեն»,- ասաց Մարտիրոսյանը։

Մինչդեռ Հայ ազգային կոնգրես կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ընդգծում է՝ անկախ խնդիրների լուծման կուսակցական մոտեցումներից, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» ընդհանուր օրակարգով են գնալու հանրահավաքի, հետևաբար պահանջների և մոտեցումների ներդաշնակությունը կլինի կատարյալ:

«Համագործակցված իշխանության վրա ճնշելու փոխընդունելի տարբերակը առաջիկա օրերին հանրահավաքը կազմակերպող ուժերը կձևավորեն և կներկայացնեն հասարակությանը։ Այդ բանաձևում արտացոլված լինի և պահանջները, և դրանց հասնելու ճանապարհները»,- ասաց Մուսինյանը։

Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն կհամաձայնի՞ ունենալ միասնական բանաձև, որտեղ կմատնանշվի նաև իշխանափոխությանը հասնելու ճանապարհը, Մուսինյանը պատասխանեց.- «Այս աշնանային պրոցեսը մենք սկսել ենք նաև ԲՀԿ-ի հետ, մենք բավարարված ենք համագործակցության այն որակից, մակարդակից և տեմպից, որն այժմ առկա է։ Մնացածը պրոցեսը ինքը ցույց կտա, և վստահ եմ, որ կասկածները, մտահոգությունները հանրահավաքի կազմակերպիչ ուժերը կփարատեն։ Խոստանում ենք թեժ աշուն»։

Եթե իշխանափոխություն պահանջելու հարցում եռյակն առայժմ համաձայնության չի եկել, ապա սահմանադրական բարեփոխումներին հարցում նրանց դիրքորոշումը միանշանակ է՝ բարեփոխումների անվան տա Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրվել:

Իշխող Հանրապետականը հակադարձում է՝ եթե վերարտադրվելու խնդիր ունենան, դա կարող են անել նաև գործող Սահմանադրության միջոցով:

Մինչդեռ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը պարզաբանում է՝ կոնկրետ Սերժ Սարգսյանը գործող Սահմանադրության շրջանակներում կրկին իշխանության ղեկին մնալու հնարավորություն չունի:

«Որովհետև Սահմանադրությամբ սա իր վերջին ժամկետն է, և ինքը շատ լավ գիտի, որ Հայաստանում ով էլ գա իշխանության, նախկին պայմանավորվածությունները չի պահելու, ինչպես եղել է միշտ։ Ուստի ինքը ունի այդ խնդիրը՝ այնպես անել, որ ինքը նորից լինի թիվ մեկը իշխանության մեջ։ Այսինքն Սահմանադրությունը փոխվում է մեկ անձի համար, քանի որ Հայաստանում ուժային լծակները ենթարկվում են բացառապես նախագահին, և ով Հայաստանում տնօրինում է այդ 4-5 ծառայությունները, հենց նա էլ իրական ղեկավարն է։ Հիմա սցենարը հենց «գենսեկությունն» է, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի սցենարով»,- ասաց Մարտիրոսյանը։

Այն, որ սահմանադրական բարեփոխումներով լուծվելու ոչ թե Հանրապետականի, այլ Սերժ Սարգսյանի վերարտադրման խնդիրը, համոզված է նաև ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը։ Այդ պատճառով, վերջինիս համոզմամբ, ամեն ինչ պետք է անել գործող Սահմանադրությունը «վարչակազմի հանցավոր նպատակներից պաշտպանելու համար»։

«Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրվել, դա փաստ է։ Եվ դա նույնիսկ ոչ հրապարակային զրույցներում չեն թաքցնում ոչ Սերժ Սարգսյանը, ոչ նրա մերձավորները։ Այս սահմանադրական «բարեփոխումների» նպատակը Սերժ Սարգսյանի՝ ցմահ իշխանության ապահովումն է։ Մենք կանխելու ենք, դա տեղի չի ունենալու»,- ասաց Մուսինյանը։

XS
SM
MD
LG