Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վատթարացման պատճառով»:
ԵԽ մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը «Ազատությանը» փոխանցել է, որ Ադրբեջանում «մարդու իրավունքների պաշտպանների ձերբակալության ալիքը» վերջին ամիսներին մեծացել է:
«Իրավիճակը բացարձակապես անընդունելի է», - ասել է Մույժնիեկսը՝ հիշեցնելով, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելով Ադրբեջանը պարտավորություններ է ստանձնել մարդու իրավունքների վերաբերյալ:
«Իշխանության այն սակավաթիվ քննադատները, ովքեր դեռ այդ երկրի ազատազրկման վայրերում չեն, մեծ ճնշման առջև են կանգնած և հաճախ ստիպված են լքել երկիրը, եթե, իհարկե, նրանց բանկային հաշիվները սառեցված չեն և երկրից դուրս գալը նրանց արգելված չէ», - արձանագրել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը: