Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի գրասենյակը հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ին Պորոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնության են եկել Ուկրաինայի արևելքում «մշտական հրադադար» կնքելու շուրջ:
Պորոշենկոյի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, հրադադարի մասին համաձայնությունը ձեռք է բերվել Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
«Զրույցի արդյունքը Դոնբասում մշտական հրադադարի շուրջ համաձայնություն էր», - ասված է հաղորդագրությունում․ - «Նախագահները փոխըմբռնման են եկել կարգավորմանն ուղղված քայլերի և խաղաղության հաստատման վերաբերյալ»:
Ավելի վաղ նախագահ Պուտինի խոսնակը՝ Դմիտրի Պեսկովը, ռուսաստանյան գործակալություններին հայտնել էր, որ Պուտինն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել և ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ նրանց մոտեցումները «հիմնականում համընկնում են»:
Հիշեցնենք՝ Պուտինն ու Պորոշենկոն անցած շաբաթ Մինսկում հանդիպում ունեցան, սակայն այդ հանդիպումից հետո ռազմական գործողությունները էլ ավելի մեծ թափ ստացան:
Ապրիլ ամսից Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 2600 մարդ է զոհվել:
Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինա զորք մտցնելու մեջ, սակայն Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները՝ չնայած Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի ներկայացրած փաստերին: