Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել:
«Պետությունները ղեկավարները կարծիքներ են փոխանակել այն մասին, թե ինչ առաջնահերթ քայլեր է հարկավոր կատարել երկրի հարավ-արևելքում արյունահեղությունը հնարավորինս շուտ դադարեցնելու մասին», - ասել է Պեսկովը՝ ու հավելել, որ հնարավոր լուծումների վերաբերյալ նրանց մոտեցումները «հիմնականում համընկնում են»:
Հիշեցնենք՝ Պուտինն ու Պորոշենկոն անցած շաբաթ Մինսկում հանդիպում ունեցան, սակայն այդ հանդիպումից հետո ռազմական գործողությունները էլ ավելի մեծ թափ ստացան:
Ապրիլ ամսից Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 2600 մարդ է զոհվել:
Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինա զորք մտցնելու մեջ, սակայն Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները՝ չնայած Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի ներկայացրած փաստերին: