Նախագահ Սերժ Սարգսյանը մեծ առաջընթաց չի տեսնում բանակցային գործընթացում, իսկ Ադրբեջանի վերջին գործողությունների նպատակը համարում է պատերազմի ավարտված չլինելու և ստատուս քվոյի անընդունելիության գաղափարը միջազգային հանրության հասցնելը:
Սերժ Սարգսյանն այս մասին խոսել է «Բազե-2014»-ի փակման արարողությանը՝ պատասխանելով լրագրողների ջոկատի անդամների հարցերին:
«Ազատության» զրուցակից ընդդիմադիրները նախագահ Սերժ Սարգսյանին կոչ արեցին «հանել վարդագույն ակնոցը»։ «Բազե 2014 »-ի փակման արարողությանը լրագրողների ջոկատի անդամների հարցերին ի պատասխան Սերժ Սարգսյանի հայտարարությունները ընդդիմության համար «իրականությունից կտրված» են։
Ընդդիմադիրների քննադատությունների թիրախում են հատկապես ստվերի դեմ պայքարի, արտագաղթի տեմպերի և ընդդիմության հանրահավաքների վերաբերյալ նախագահի պնդումները։
Մասնավորապես Սերժ Սարգսյանը «շատ ճիշտ» համարելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկումը, թե չկա «կախարդական փայտիկ» շատ կարճ ժամանակում խնդիրները լուծելու համար, միաժամանակ չի համաձայնել տարբեր տնտեսագետների հաշվարկներին, որ ստվերը Հայաստանում 70 տոկոս է կազմում:
«Մարդիկ, երբ ասում են ստվեր կա կամ ստվերը յոթանասուն տոկոս է, որտեղի՞ց գիտեն, այսինքն՝ այդ մարդիկ ի՞նչ է, ունեն սեփական վիճակագրական վարչությու՞ն: Միակ բանը, որով կարող են իրենք դատել այդ մասին՝ իրենց գործունեությամբ, բիզնեսով, իրենց հարևանների և բարեկամների բիզնեսով է, երբ գիտեն, որ իրենք, իրենց հարևանները, իրենց բարեկամները ստվերում են աշխատում: Հակառակ պարագայում, որտեղի՞ց գիտեն», - նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով. - «Իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհում դա ինչպե՞ս է չափվում. չափվում է հետևյալով, թե համախառն ներքին արդյունքի ո՞ր մասն է գալիս բյուջե հարկերի տեսքով, և երբ մենք հինգ-վեց տարի առաջ ունեինք տասներեք տոկոս հավաքելիություն, այսօր ունենք քսաներկու տոկոս: Հիմա հաշվեք՝ մեր երկրում ստվերը կրճատվե՞լ է, թե՞ ավելացել: Սա՛ է ամբողջ իրականությունը։ Նայեք, տեսեք մեր տնտեսությունը որքան է զարգացել վերջին հինգ տարիներին. ես չեմ ասում շատ է զարգացել, և մեր համախառն ներքին արդյունքը շատ է ավելացել, բայց տեսեք՝ մեր բյուջեն գրեթե կրկնապատկվել է, իսկ դա ինչպե՞ս է եղել, որտեղի՞ց»:
Սերժ Սարգսյանը չի համաձայնել լրագրողի դիտարկմանը, թե «դրա հետ մեկտեղ արտագաղթն ահագնանում է»՝ նման պնդումները որակելով «ենթադրություններ»։ Նախագահը կարծիք է հայտնել, որ 90-ական թվականներին է արտագաղթը «շատ-շատ մեծ» եղել:
«Մենք ունենք վիճվարչություն, որը շատ հստակորեն բոլոր թվերը տալիս է. անցյալ տարի կրճատվել է, և այս տարվա թվերը խոսում են այն մասին, որ այս տարի էլ ավելի է կրճատվելու: Ահագնանալը ո՞րն է: Գիտեք, ահագնանալը ջրի հոսքի մասին են ասում, երբ որ հեղեղ է սկսվում, մի առու է լինում, հետո այդ առուն գետի է վերածվում, ահագնանալը ես այդպես եմ հասկանում հայերենով: Կգնաք, կբացեք վիճվարչության թվերը, կնայեք [….] 90-ական թվականներին շատ-շատ մեծ էր արտագաղթը: Եթե ձեզնից մեկը փորձի ավելի ավագներին հարցնել, թե 1993-94 թվականներին ինչ վիճակ էր, որ հետաքրքրվում եք Ձեր բարեկամով և ծանոթներով, մի հատ էլ հետաքրքրվեք տեսեք՝ իրենց բարեկամները, ծանոթներն ի՞նչ էին այն ժամանակ կարծում. բոլորին թվում էր, թե Հայաստանում մարդ չի մնացել»,- հայտարարել է նախագահը, նաեւ չհամաձայնելով, որ մարդիկ գնում են աշխատանք չունենալու, գործազրկության կամ վիրավորանքի պատճառով։
«Ոչ, ես համաձայն չեմ, և ես համարում եմ, որ մարդիկ, ովքեր գնում են Հայաստանից, ճնշող մեծամասնությամբ գնում են այն պայմանների հետևից, որոնց ձգտում են», - նշել է Սերժ Սարգսյանը։
Ընդդիմադիր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում «անբարեխիղճ» համարեց այսօր գոյություն ունեցող արտագաղթը 90-ականների (Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների) հետ համեմատելու՝ Սերժ Սարգսյանի փորձերը. - «Պաշտոնական տվյալները վիճակագրական վարչության ցույց են տալիս, որ Հայաստանից իր ղեկավարման 5 տարվա մեջ 250 հազար մարդ դուրս է եկել։ Ինքը փորձում է համեմատել այս արտագաղթը այն արտագաղթի հետ, որը տեղի է ունեցել 1991-94 թվականներին, ինքն էլ շատ լավ գիտե, որ 91-94 թվականներին Հայաստանը գտնվել է ինտենսիվ պատերազմի մեջ։ Բնականաբար արտագաղթ կար, ոչ ոք դա չի հերքում, բայց հղումը պատերազմական տարիներին դա ուղղակի անբարեխիղճ մոտեցում է, որը ցույց է տալիս, որ սեփական իշխանության կործանարար հետևանքները արդարացնելիս Սերժ Սարգսյանը չի խորշում անգամ պատերազմական տարիները խաղաղ տարիների հետ համեմատել»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանին հետևյալ խորհուրդը տվեց. - «Սերժ Սարգսյանը կարող է դերվիշի շորեր հագնել, ինչպես նախկինում ընդունված է եղել թագավորների շրջանում, ու մեկ թիկնապահի հետ ուղղակի պտտվել Երևանով: Կտեսնի, թե օրական քանի ավտոբուս մարդ է Երևանից գնում, չհաշված Հայաստանի մնացած քաղաքները»։
«Ես չգիտեի, որ վիճակագրական ծառայությունը սեփական էլ է լինում», - հավելեց Մարտիրոսյանը՝ ստվերի մասին Սերժ Սարգսյանի պնդումներին ի պատասխան: - «Երևի թե իսկապես մեր Հայաստանի վիճակագրական ծառայությունը Սերժ Սարգսյանի կամ իշխանությունների սեփականությունն է հանդիսանում, ուստիև շատ թվեր, շատ ցուցանիշներ իշխանության քիմքին հարմարեցված է լինում... Իշխանությունն ընդհանրապես, որ վարդագույն ակնոց սիրում է կրել՝ դա հայտնի ճշմարտություն է։ Իրականությունից կտրված հարցազրույց. փորձում է իշխանություններին արդարացնել, ընդհանրապես ժխտում է երևույթներ, որոնց առկայությունն այլևս ազգային անվտանգության ծայրահեղ խնդիր է»:
Նույն հարցազրույցում անդրադառնալով աշնանը խոստացված «հուժկու հանրահավաքին» և իր հրաժարականի պահանջին՝ Սերժ Սարգսյանը նախ զարմացել է, հետո ասել. - «Գիտե՞ք, իմ խորը համոզմամբ, իշխանության խնդիրը լուծվում է ընտրությունների ժամանակ: Այլ ժամանակ իշխանության խնդիր լուծել, նշանակում է՝ օրենքից դուրս գտնվել: Խնդրեմ, եթե դժգոհություն ունեն՝ արտահայտեն իրենց դժգոհությունը: Ուզում են, թող հանրահավաքներ անեն, բայց այդ ամենը պետք է լինի օրենքի շրջանակներում»։
Լևոն Զուրաբյանը հակադարձեց. - «Հանրահավաքների հաջողման հարցում միշտ մեր «դաշնակիցը» եղել է իշխանությունը, որովհետև իրենց գործողություններով, իրենց ձախողումներով, իրենց թալանով ու անարդարություններով միշտ ապահովել են, որ Հայաստանում լինի վրդովված մարդկանց զանգված, որը պատրաստ է դուրս գալ այս իշխանությունների դեմ։ Հիմա եթե որոշել են նաև ուղիղ կոչեր անել, չգիտեմ արդյոք մենք պետք է նրանց շնորհակալություն հայտնենք դրա համար..․ Բայց մեր խոստացածը մենք անելու ենք։ Ժողովուրդը չպետք է հանդուրժի Սերժ Սարգսյանի ղեկավարած ռեժիմի գոյությունը Հայաստանում, Սերժ Սարգսյանի ռեժիմի պահպանումը ազգային անվտանգության գլխավոր խնդիրն է »։