Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Այսօր մեր երիտասարդները կարողանում են վստահորեն պաշտպանել մեր երկրի սահմանները»


Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին Ծաղկաձորում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը:

Հավաքը, որին մասնակցում էր ավելի քան 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, մեկնարկել է ս.թ. օգոստոսի 18-ին:

Սերժ Սարգսյանը ողջունել է հավաքի մասնակիցներին, նշել, որ շատ ուրախ է հերթական անգամ հանդիպելու բազեականներին և շնորհավորել է նրանց Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:

«Քսանչորս տարի առաջ այս նույն օրը ընդունվեց Անկախության հռչակագիրը, և դա շատ կարևոր իրադարձություն էր մեր ժողովրդի համար», - նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` ասել է Սերժ Սարգսյանը, - «Ես որոշակի մտավախություն ունեի, թե ինչպես է ավելի երիտասարդ՝ 90-ականներից հետո ծնված սերունդը, կարողանալու տնօրինել մեր հայրենիքի ճակատագիրը: Փառք Աստծո, որ մենք կարողացանք այս տարիների ընթացքում, իրոք, կատարել մեր առաքելությունը, և ես վստահ եմ, որ այսօրվա երիտասարդությունը մեզնից շատ ավելի լավ է կատարելու այդ առաքելությունը: Իմ համոզմունքը հիմնված է ոչ թե լավատեսության, այլ այն իրողության վրա, որ այսօր մեր երիտասարդները կարողանում են վստահորեն պաշտպանել մեր երկրի սահմանները և այդ ընթացքում ցուցաբերել քաջության, հայրենասիրության բազմաթիվ վառ օրինակներ: Եթե մեր դպրոցականները համաշխարհային առարկայական օլիմպիադաներում նվաճում են 19 մեդալ, և որպեսզի կարողանաք պատկերացնել, թե դա ինչ է, ասեմ, որ մեր հարևան Վրաստանը նվաճել է ընդամենը 8, Ադրբեջանը՝ 4, իսկ 80 միլիոնանոց Թուրքիան՝ 22 մեդալ: Ինչպե՞ս չհպարտանաս այդպիսի դպրոցականներով, եթե վերջին 4-5 տարիների ընթացքում միջին հաշվով 100 հայ երիտասարդ ամեն տարի ընդունվում է աշխարհի լավագույն 10 բուհեր, ապա ինչպե՞ս վստահ չլինես, որ այդ մարդիկ կարողանալու են շատ ավելի մեծ գործեր կատարել, քան մենք ենք արել: Եվ եթե մեր տանկային անձնակազմերը, որոնց հետ դուք հանդիպել եք, կարողանում են մրցել աշխարհի խոշորագույն բանակների ներկայացուցիչների հետ ու լինել հաղթողների թվում, ուրեմն ամեն ինչ լավ է ընթանում»:

Նախագահը բազեականների ճամբարում այնուհետ դիտել է հավաքի փակման առիթով կազմակերպված գալա համերգը:

Սերժ Սարգսյանը նաև պատասխանել է «Բազե-2014»-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամներին հետաքրքրող հարցերին: Ճամբարական լրագրողները Հանրապետության նախագահին հարցեր են ուղղել ինչպես Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, այնպես էլ մեր երկրի պաշտպանության, տնտեսության մարտահրավերների, սոցիալական թեմաների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG