Մատչելիության հղումներ

Քաղաքապետարան․ Մանկապարտեզներում սննդի որակի նկատմամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում


Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ուժեղացված հսկողություն է իրականացվում սննդի որակի ապահովման և պահպանման ուղղությամբ, ասված է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, որում ներգրավված են նաև ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունների համապատասխան ծառայությունները, ստուգայցեր են կազմակերպվել նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Լաբորատոր փորձաքննության ուղարկված բոլոր մթերքները եղել են օգտագործման համար պիտանի: Նշվել է նաև, որ մանկապարտեզներում սննդի ընդունման համար պատասխանատու անձանց համար (բուժքույր, տնտեսվար, տնօրեն) կազմակերպվելու են հատուկ վերապատրաստումներ:

«Երեք տարի շարունակ Երևանի քաղաքապետարանը հետևողական աշխատանք է տանում մանկապարտեզներում սննդի որակի ապահովման ուղղությամբ: Եվ այսօր իսկապես անընդունելի է, որ այսքան ջանքերից հետո անբարեխիղճ մի մատակարարի պատճառով ստվեր ընկավ մեր աշխատանքի վրա: Ըստ այդմ՝ եղեք ավելի խիստ, ու եթե որևէ մանկապարտեզում հայտնաբերվի սննդի պահպանման պայմանների կամ ժամկետների խախտման դեպք, ապա, վստահեցնում եմ, որ պատասխանատուները խստորեն կպատժվեն: Երեխաների սննդի հետ կապված որևէ մեկը իրավունք չունի անգամ չնչին թերացում թույլ տալու: Խորհրդակցություն հրավիրեք և բոլոր պատասխանատուներին մեկ անգամ ևս խստորեն զգուշացրեք լինել ավելի ուշադիր ու հետևողական»,-ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ այսուհետ հաղթող ճանաչված ընկերությունների կողմից մատակարարվելիք սննդամթերքի նմուշները պարտադիր կուղարկվեն փորձաքննության:

Հիշեցնենք, մոտ 10 օր առաջ հայտնի դարձավ, որ քացախով, կալիումի պերմանգանատով և այլ քիմիական նյութերով մշակված անհայտ ծագում ունեցող, հավի փչացած միս է մատակարարվել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG