Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի նախագահը շեշտում է՝ հրադադարը խախտել է Բաքուն


Էդ Ռոյս
Էդ Ռոյս

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը երեկ հայտարարությամբ է հանդես եկել հայ - ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան շփման գծում վերջին բախումների կապակցությամբ, որում որպես հրադադարի ռեժիմը խախտող կողմ հստակորեն մատնանշում է Ադրբեջանին։

«Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից հրադադարի մասին համաձայնության խախտումը խորապես տագնապեցնող է։ Դրա հետևանքով շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների ահագնացումը մեկ տասնյակից ավելի հայ և ադրբեջանցի երիտասարդների կյանքեր արժեցավ», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Կոնգրեսի հանձնաժողովի նախագահի գրասենյակը։

Ռոյսը շեշտում է հրադադարի անհրաժեշտությունը՝ հետագա զոհերից և իրավիճակի շիկացումից խուսափելու համար։ «Օբամայի վարչակազմը պետք է գործի՝ խրախուսելու համար հրադադարի վերականգնումը, ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, որ նա շփման գծից հետ քաշի դիպուկահարներին, և առաջ մղելու խաղաղության պլան, որն ընդգրկի հանրաքվեի ժամկետ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշի սեփական ապագան», - հայտարարում է Ռոյսը։

Հաղորդագրությունը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին Էդ Ռոյսի գլխավորությամբ կոնգրեսականների երկկուսակցական պատվիրակություն էր այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG